Բժշկական միջամտությամբ պայմանավորված վարակներ

Գնալ կայք

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակը (ԲՄՎ) բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի բժշկական օգնության և սպասարկման (բուժում, բժշկական միջամտություններ և այլն) ընթացքում կամ դրանից հետո՝ գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում, ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ընդունվելու կամ ոչ բժշկական կազմակերպությունում ծառայություն (կոսմետոլոգիական ծառայություն, մատնահարդարում, ոտնահարդարում, դաջվածք և այլն) ստանալու պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև անձնակազմի շրջանում ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական գործունեության ընթացքում:

Վարակը գնահատվում է որպես բժշկական միջամտություններով պայմանավորված հետևյալ դեպքերում՝

  • եթե այն առաջանում է բժշկական կազմակերպությունում, սակայն դրսևորվում է դուրսգրելուց հետո՝ վարակիչ հիվանդությանը բնորոշ գաղտնի շրջանին համապատասխան ժամկետներում,
  • առաջանում և դրսևորվում է բժշկական կազմակերպությունում,
  • առաջանում է բուժանձնակազմի շրջանում՝ մասնագիտական պարտականություններ կատարելիս:

Վարակների դասին չեն պատկանում այն դեպքերը, երբ վարակումը կատարվում է հետևյալ դեպքերում.

1) Վարակը կամ վարակի բարդությունն առկա է եղել արդեն հիվանդի հոսպիտալացման պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ նոր ախտածին մանրէի հայտնաբերումը կամ կլինիկական ախտանշանների բնույթի փոփոխությունը թույլ է տալիս բարձր հավանականությամբ կասկածի տակ առնելու նոր վարակի ձեռք բերելը,

2) Նորածնի օրգանիզմում վարակը զարգանում և դառնում է ակնհայտ անմիջապես ծնվելուց հետո, ընդ որում, եթե հայտնի կամ ապացուցված է, որ վարակումը կատարվել է ծծնդաբերական ուղիներով անցնելիս, տրանսպլացենտար (ընկերքի միջոցով) (օրինակ՝ ջրծաղիկ, հերպես սիմպլեքս, տոքսոպլազմոզ, կարմրախտ, ցիտոմեգալովիրուսային վարակ և սիֆիլիս):

ԲՄՎ-ն առողջապահության առաջնային խնդիրներից մեկն է: Այն պատճառում է տնտեսական մեծ վնաս` պայմանավորված լրացուցիչ ծախսերով, որոնք ստացիոնարում հիվանդի լինելու ժամանակահատվածը երկարեցնելու, լաբորատոր քննության և բուժման հետևանք են: ԲՄՎ-ները պատճառում են նաև սոցիալական վնաս, որը վերաբերում է տուժածի առողջության վտանգմանը` ընդհուպ հաշմանադամություն որոշ նոզոլոգիական տեսակների դեպքում, ինչպես նաև մահացու ելք: ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ ԲՄՎ-ով հոսպիտալացված հիվանդների մահացության ցուցանիշը 10 անգամ գերազանցում է առանց ԲՄՎ-ի մարդկանց ցուցանիշը: ԲՄՎ կանխարգելման ռազմավարությունն ու մոտեցումը ենթադրում են համապատասխան գիտելիքների առկայություն բժշկական համալսարանների բուժական, ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների և կլինիկական օրդինատորների շրջանում:

Բժշկության տարբեր ենթաճյուղերի զարգացման ժամանակակից փուլը բնորոշվում է որոշակի միտումով` պայմանավորված ԲՄՎ-ի հաճախացմամբ, որը բարդացնում է վիրաբուժական հիվանդների հետվիրահատական բուժման ընթացքը, նորածինների նեոնատալ, ծննդկանների հետծննդյան շրջանը, ինչպես նաև տարբեր մասնագիտացման բուժհաստատությունների հիվանդների մարմնական հիվանդությունները: Սրանց պատճառները, անշուշտ, պայմանավորված են բժշկության առաջընթացով, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, քիմիապատրաստուկների լայն օգտագործմամբ (առաջին հերթին` իմունոդեպրեսանտներ), ժողովրդագրական փոփոխություններով, գիտատեխնիկական հեղաշրջման այլ ձեռքբերումներով: Հակաբիոտիկների և հականեխիչների կիրառումը ոչ միայն չլուծեց ԲՄՎ-ի դեմ պայքարի խնդիրը, այլև բժշկության մեջ առաջացրեց մի շարք նոր, բարդ խնդիրներ: Դրանցից են՝ բուժհաստատություններում դեղամիջոցների հանդեպ կայուն հարուցիչների կուտակումն ու տարածումը, դիսբակտերիոզի զարգացումը և յաթրոգեն բնույթի այլ խնդիրներ:

Այս բարդ գործընթացների հետևանքը ներհիվանդանոցային վարակի դեպքերի աճն է: Ներկայումս զարգացած երկրներում հոսպիտալացված հիվանդների 5-12%-ի շրջանում զարգանում է ԲՄՎ, իսկ 4-7%-ի դեպքում դրանք մահվան հիմնական պատճառն են: ԲՄՎ-ի միայն մի տեսակից` սեպսիսից, ամեն տարի ԱՄՆ-ում մահանում են ավելի շատ հիվանդներ, քան գրանցված 32 վարակիչ հիվանդություններից միասին վերցրած: Անհրաժեշտ է նշել, որ մոտ 200 տեսակի պայմանական-ախտածին միկրոօրգանիզմներ ունակ են մեծ դեր կատարելու ներհիվանդանոցային հիվանդացության ձևավորման մեջ:

Էթիոլոգիան: ԲՄՎ-ի հիմնական հարուցիչ են «հոսպիտալային շտամները», որոնք առանձնանում են հիվանդանոցում կիրառվող հակամանրէային նյութերի նկատմամբ խիստ կայունությամբ, հետևաբար ավելի ագրեսիվ հատկություններով: Մանրէաբանական հետազոտության տվյալները հնարավորություն են տվել բացահայտելու վերջին տարիներին ԲՄՎ-ի պատճառագիտական կառուցվածքում առկա էական փոփոխությունները: Հիվանդանոցներում, որպես ԲՄՎ-ի պատճառագիտական գործոն, մեծ նշանակություն ունի S. aureus-ի բազմակի դեղակայուն հոսպիտալային շտամներով (МRSA-մետիցիլին կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկ) պայմանավորված վարակը: Ներկայումս ԲՄՎ-ի պատճառագիտության մեջ մեծ դեր ունեն նաև ստաֆիլոկոկի կոագուլազա-բացասական շտամները, որոնք շատ արագ կայունություն են ձեռք բերում հակամանրէային միջոցների նկատմամբ: Աստիճանաբար աճում է ԲՄՎ-ի տեսակարար կշիռը՝ պայմանավորված գրամբացասական բակտերիաներով (էշերիխիա, կապտաթարախածին ցուպիկ, կլեբսիելլա, պրոտեուս և այլն): ԲՄՎ-ի պատճառներում ապացուցվել է 23 նոր տեսակի պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների դերը, որոնք պատկանում են Enterobacteriales (Escherichia, Proteus, Citrobacter, Klebsiella, Enterobacter, Hafnia, Yersinia, Edwardsiella ցեղերը), Pseudomonadaceae (Pseudomonas ցեղը), Moraxellaceae (Acinetobacter ցեղը) ընտանիքներին: Այս մանրէները բավականին արագ ձեռք են բերում կայունություն կարբոպենեմների նկատմամբ: Անառարկելի է նաև Candida տեսակի սնկերի և սպորագոյացնող մանրէի՝ C. Difficile աճող դերը ԲՄՎ-ի պատճառներում: Հիվանդանոցային պայմաններում որպես վարակի հարուցիչ կարող են հանդես գալ նաև դասական վարակիչ հիվանդությունների հարուցիչները, որոնցից հատկապես մեծ նշանակություն ունեն վիրուսային հեպատիտներ B-ի, C-ի հարուցիչները, ՄԻԱՎ-ը, ռոտա-, նորովիրուսները և այլն:

Միկրոօրգանիզմների կայունությունը հակամանրէային միջոցների հանդեպ լինում է առաջնային (բնածին) և երկրորդային (ձեռքբերովի): Վերջինս երբեմն ի հայտ է գալիս մանրէների և ակտիվ նյութերի բազմակի շփումներից հետո` ադապտացիայի, առաջնային զգայուն միկրոօրգանիզմների մուտացիայի, դրանց սելեկցիայի (քրոմոսոմային կայունություն), ռեկոմբինացիայի (քրոմոսոմային կայունություն), կայունության պլազմիդների տեղափոխության (արտաքրոմոսոմային կայունություն) հետևանքով: Քիմիոպրեպարատների հանդեպ միկրոօրգանզիմների կայունություն ապահովող պլազմիդները հիմնականում փոխանցվում են միևնույն տեսակի բակտերիաների միջև, բայց կարող են փոխանցվել նաև այլ տեսակների միջև: Հարուցիչների կայունության երևույթը ոչ միայն հակաբիոտիկների, այլև ախտահանիչ նյութերի նկատմամբ բացասաբար է անդրադառնում կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը և հանգեցնում է ԲՄՎ-ի համաճարակային պրոցեսի ինտենսիվ զարգացմանը: Ախտահանիչ նյութերի նկատմամբ կայուն շտամների ձևավորումը կարող է պայմանավորված լինել կենսաքիմիական և գենետիկ մեխանիզմներով: Ներկայումս նկարագրված են ախտահանիչների նկատմամբ կայունության զարգացման դեպքեր գրամդրական և գրամբացասական միկրոօրգանիզմների լայն սպեկտրի դեպքում, օրինակ` չորրորդային ամոնիումային միացությունների նկատմամբ S. aureus-ի և կոագուլազա-բացասական ստաֆիլոկոկերի կայունությունը, կամ P. аeruginosa-ի կայունությունը քլորհեքսիդինի, ֆուրացիլինի, չորրորդային ամոնիումային միացությունների և քլոր պարունակող որոշ միացությունների նկատմամբ: Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է ախտահանիչների և հակաբիոտիկների նկատմամբ համակցված կայունության զարգացման հնարավորությունը: Թերևս համակցված կայունության առաջացումը կարելի է բացատրել միկրոբային բջիջների թիրախների հակաբիոտիկի և ախտահանիչ նյութի ազդեցության նմանությամբ վրա: Ամենուրեք նկատվում է նաև հականեխիչների նկատմամբ կայունության ավելացում:

ԲՄՎ-ի համաճարակային պրոցեսի դրսևորումները տարբեր երկրներում տարբեր ուղղվածության հիվանդանոցներում որոշվում են միկրոէկոլոգիական միջավայրի առանձնահատկություններով, որոնք ձևավորվում են հիվանդանոցային պայմաններում: Միկրոէկոլոգիական պայմանների առանձնահատկությունները պայմանավորված են` 1) ախտաբանական գործընթացի առաջնային տեղակայմամբ, որը պայմանավորված է բուժհասատության մասնագիտական ուղղվածությամբ, 2) արտածին և ներծին վարակների հաճախականությամբ և տեսակարար կշռով, 3) առաջատար պատճառագիտական գործոններով, հոսպիտալային շտամների ձևավորման բնույթով և հնարավորությամբ, 4) բուժական-ախտորոշիչ գործընթացի առանձնահատկություններով:

Ըստ ախտաբանական պրոցեսի տեղակայման ԲՄՎ-ի հետևյալ խմբերն են.

  • Կենտրոնական և ծայրամասային անոթների կաթետերիզացիայով պայմանավորված արյան հունի վարակներ՝ 12-25% հաճախականությամբ: Կաթետերները անոթում տեղադրվում են հեղուկը և դեղերը ներմուծելու համար, սակայն երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել արյան շրջանառության լուրջ վարակների, որոնք խեղված առողջության և խնամքի ծախսերի ավելացման պատճառ են: Հիմնական հարուցիչը կոագուլազա-բացասական ստաֆիլոկոկերն են:
  • Միզային կաթետերիզացիայով պայմանավորված՝ միզուղիների վարակներ. կաթետերիզացված դեպքերի մոտ 12%-ն են: Հիմնականում ներծին միկրոֆլորայի ակտիվացման արդյունք են, կարող են առաջացնել օրխիտ, էպիդիդիմիտ, պրոստատիտ, ցիստիտ, պիելոնեֆրիտ և այլն: Հիմնական հարուցիչները գրամբացասականների խումբն է, հատկապես աղիքային ցուպիկը:
  • Վիրաբուժական միջամտությամբ պայմանավորված՝ վերքային վարակներ առաջանում են 2–5% դեպքերում, հիմնական հարուցիչը Staphylococcus aureus-ն է:
  • Վենտիլյացիոն թոքաբորբ. նոզոկոմիալ թոքաբորբ է, որն առաջանում է թոքերի արհեստական շնչառական օժանդակություն ստացող հիվանդների 9-27%-ի դեպքում: Այն սովորաբար զարգանում է 48 ժամվա ընթացքում: Նոզոկոմիալ թոքաբորբի 80%-ից ավելին պայմանավորված է կապտաթարախածին ցուպիկով:

Վարակի աղբյուր: ԲՄՎ-ի աղբյուր են բուժանձնակազմը, հիվանդները, հազվադեպ՝ այցելուները: Ստաֆիլոկոկային վարակների տարածման մեջ յուրահատուկ նշանակություն ունի քթի խոռոչում ոսկեգույն ստաֆիլոկոկ կրող բժշկական անձնակազմը: Ստաֆիլոկոկային վարակների տարածման դեպքում շատ հեղինակների կարծիքով առաջնային նշանակություն են ստանում մշտական և ռեզիդենտ վարակակիրները: Վարակակիրների համաճարակաբանական վտանգավորությունը որոշվում է ստաֆիլոկոկերի՝ արտաքին աշխարհ արտազատմամբ և պայմանավորված է քթի լորձաթաղանթում դրանց խտությամբ: Համաճարակաբանական առումով առավել վտանգավոր են ոսկեգույն ստաֆիլոկոկերի պոլիռեզիստենտ շտամների (MRSA) կրողները:

Նվազ վտանգավոր չեն նաև այն հիվանդները, որոնք արդեն իսկ գաղութայնացված են դեղակայուն մանրէներով, նրանց վաղ հայտնաբերումը, մեկուսացումը և էթիոտրոպ ճիշտ բուժումը մեծ նշանակություն ունեն ԲՄՎ-ի կանխարգելման առումով:

Այցելության ընթացակարգը ճիշտ պահպանելու դեպքում բուժհաստատության այցելուները վարակի աղբյուր լինելու առումով գրեթե անվտանգ են:

Փոխանցաման մեխանիզմ:  Յուրաքանչյուր ախտածին միկրոօրգանիզմ տարածվում է փոխանցման բնական մեխանիզմներով, որոնք ապահովում են դրա՝ որպես կենսաբանական տեսակի պահպանումը բնության մեջ: ԲՄՎ-ի տարածումն ապահովում են հարուցիչների փոխանցման բազմաթիվ մեխանիզմներ:

          Հիվանդանոցներում բնական փոխանցման մեխանիզմներից առավել ինտենսիվորեն իրականացվում է օդակաթիլայինը: Այն պայմանավորում է շնչառական համակարգի որոշ հիվանդությունների (գրիպի և սուր շնչառական այլ վարակների, ստաֆիլոկոկային, ստրեպտոկոկային վարակների) տարածման և բռնկումների առաջացման հավանականությունը:

Փոխանցման կոնտակտային մեխանիզմը հիվանդների խնամքի իրերի, բուժանձնակազմի ձեռքերի, բժշկական գործիքների և այլնի միջոցով կարևորվում է գրամբացասական բակտերիաների, վիրուսների, ստաֆիլոկոկային, նաև որոշ աղիքային վարակների փոխանցման դեպքում:

Ֆեկալ-օրալ փոխանցման մեխանիզմով առավելապես փոխանցվում են վիրուսային և բակտերիային բնույթի աղիքային վարակները:

Փոխանցման տրանսմիսիվ մեխանիզմը հիվանդանոցներում գրեթե չի իրագործվում:

Փոխանցման արտիֆիցիալ մեխանիզմը կարող է իրականացվել ինհալացիոն (թոքերի արհեստական շնչառություն, ինտուբացիա), էնտերալ (ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա, էնտերալ սնուցում) և պարէնտերալ ուղիներով (ինվազիվ բուժական և ախտորոշիչ միջամտություններ):

Հիվանդանոցներում առավել վտանգավոր է պարէնտերալ փոխանցման ուղին, որը կարող է իրականացվել ինվազիվ բուժական և ախտորոշիչ հետևյալ միջամտությունների ընթացքում՝ արհեստական արյան շրջանառության սարքավորումների օգտագործում, թոքերի արհեստական շնչառություն, ինտուբացիա, արյան անոթների, միզուղիների կաթետերիզացիա, վիրահատություն, պունկցիա, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում, արյան և դրա բաղադրիչների փոխներարկում, բաղարկված դեղորայքային լուծույթների կիրառում, օրգանների և հյուսվածքների բիոպսիա, էնդոսկոպիա (բրոնխո-, տրախեո-, գաստրո-, ցիստո-), ձեռքով հետազոտություն (հեշտոցային, ռեկտալ), արյան նմուշառում, ներարկումներ և այլն:

Պարէնտերալ փոխանցման ուղու տրանսֆուզիոն տարբերակը հանգեցնում է հիվանդությունների ծանր ընթացքի, քանի որ հարուցչի միանգամից մեծ քանակը ներթափանցվում է հիվանդությամբ արդեն իսկ թուլացած օրգանիզմ: Արյան փոխներարկմամբ հնարավոր է վարակվել հեպատիտներ B-ով, C-ով, D-ով, ՄԻԱՎ վարակով, ցիտոմեգալովիրուսով, սիֆիլիսով, լիստերիոզով, տոքսոպլազմոզով, հերպեսով, մալարիայով:

Տրանսֆուզիոն վարակումը չի սահմանափակվում արյան մեջ առկա հարուցիչների փոխանցմամբ: Վերջին տարիներին բժշկական գրականության մեջ նոր տերմին է գործածվում` «դեղորայքային վարակ»: Այս դեպքում խոսքը մարդու օրգանիզմ վարակիչ հիվանդությունների հարուցիչներով բաղարկված դեղորայքի ներարկման մասին է: Բաղարկված դեղամիջոցներում հայտնաբերվել են մանրէների և սնկերի գրեթե բոլոր համակարգային խմբերի ներկայացուցիչները: Առավել հաճախ դեղամիջոցներից անջատված միկրոօրգանիզմներից են էնտերոբակտերիաները, պսևդոմոնադները, ստաֆիլոկոկերը, սպորագոյացնող բակտերիաների որոշ տեսակներ, խմորանման և բորբոսային սնկերը:

Վարակման իրական վտանգ առկա է նաև ախտորոշիչ միջամտությունների դեպքում (պունկցիա, արյան նմուշառում, բրոնխո-, գաստրո-, ցիստոսկոպիա), քանի որ օպտիկական սարքավորումների շատ տեսակների ախտահանումը մեծ դժվարություններ է առաջացնում: Վարակումը հնարավոր է նաև ինտուբացիայի, կաթետերացման, ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ:

          ԲՄՎ-ի փոխանցման կոնտակտային մեխանիզմն իրականացվում է ուղղակի և անուղղակի կոնտակտի միջոցով, որի դեպքում փոխանցման գործոն են դառնում բուժանձնակազմի ձեռքերը և բժշկական նշանակության իրերը:

          Ձեռքերի հիգիենան ԲՄՎ-ի կանխարգելման հիմնական միջոցառումներից մեկն է, որի դեպքում պայմանավորված տարբերակով հեռացվում է մաշկի տրանզիտոր կամ նաև ռեզիդենտ միկրոֆլորան: Կա ձեռքերի հիգիենայի 3 հիմնական տարբերակ՝ առօրյա, հիգիենիկ (հակամանրէային օճառով լվացում և մշակում հիգիենիկ մշակման համար նախատեսված մաշկային հականեխիչով) և վիրաբուժական (հիգիենիկ մշակում + հականեխիչի կիրառում, որը ցուցված է վիրաբուժական մշակման համար):

  Բժշկական նշանակության իրերի դասակարգումը և մշակումը տե'ս «Ախտահանում» բաժնում:

Այսպիսով, ԲՄՎ-ի առաջացման և տարածման պատճառների վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ եզրահանգումները.

1. Հակաբիոտիկների և քիմիաթերապևտիկ միջոցների չհիմնավորված լայն, երբեմն անվերահսկելի օգտագործումը նպաստում է դեղակայուն միկրոօրգանիզմների ձևավորմանը:

2. Հիվանդների շրջանում վարակի «ռիսկի խմբերն» ավելանում են՝

  • ծանր հիվանդներ, ում կյանքի որակը հնարավոր էր բարելավել ժամանակակից բժշկության ձեռքբերումների շնորհիվ,
  • տարեց հիվանդների ավելացում, որն արտացոլում է բնակչության տարիքային կազմի փոփոխությունները,
  • ծայրահեղ ցածր քաշով նորածիններ, որոնց անցյալում հազվադեպ էր հնարավոր փրկել:

3. Բուժօգնության հնարավորությունների աճը մեծացնում է բուժկանխարգելիչ հաստատություններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների ներկրման և շրջանառության հավանականությունը: Դրանք ներառում են՝

  • խոշոր հիվանդանոցային համալիրների ստեղծումը՝ առանձնահատուկ էկոլոգիայով, դրանց կառուցման ճարտարապետական պլանավորման որոշակի թերությունները,
  • բժշկական օգնության դիմելիության բարձրացումը, առողջության նկատմամբ մարդկանց ավելի ուշադիր վերաբերմունքը, բժշկական անձնակազմի հետ շփումների քանակի կտրուկ աճը,
  • ախտորոշման և բուժման առավել բարդ մեթոդների կիրառումը, մանրակրկիտ ախտահանման և մանրէազերծման անհրաժեշտությունը,
  • հարուցիչների փոխանցման բնական մեխանիզմների և ուղիների, հատկապես օդակաթիլայինի և կենցաղ-կոնտակտայինի ակտիվացումը հիվանդների և բժշկական անձնակազմի սերտ շփման դեպքում,
  • ինվազիվ միջամտությունների կիրառման ընդլայնումը, որոնք հանգեցնում են վարակիչ գործոնի համար նոր «մուտքի դռների» ստեղծմանը,
  • հիվանդանոցներում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմների խախտումը, հակահամաճարակային միջոցառումների բարելավման գործընթացի դանդաղումը՝ այդ գործընթացին մանրէների հարմարվողականության զարգացման արագության համեմատ:
  1. Սոցիալ-սուբյեկտիվ պատճառներ՝
  • անձնակազմի անտեղյակությունը բաժանմունքի համաճարակային իրավիճակին,
  • աշխատակազմի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների թերի կատարումը,
  • որոշ բուժաշխատողների դրական վերաբերմունքի բացակայությունը հիվանդանոցային հիգիենայի ոլորտի գիտելիքների և հմտությունների նկատմամբ:

     ԲՄՎ-ն զարգանում է յուրահատուկ հիվանդանոցային միջավայրում և պայմանավորված է ռիսկի գործոններով: Ռիսկի գործոններն ուղղակի կամ անուղղակի պատճառներ են, որոնք հանգեցնում են վարակների առաջացմանը և տարածմանը: Դիտարկենք ԲՄՎ-ի զարգացման ռիսկի գործոնները, որոնք լինում են ներծին և արտածին: Ներծին կամ հիվանդով պայմանավորված գործոններից են  տարիքը, հիմնական հիվանդության ծանրությունը և տևողությունը, ճարպակալումը, սննդի անբավարարության հետևանքները՝ հիպոպրոտեինեմիան, անեմիան, հիպովիտամինոզը, շաքարային դիաբետը կամ էնդոկրին այլ ախտաբանության առկայությունը, անընկալունակությունն ընկճող հիվանդությունները կամ բուժման մեթոդները՝ ստերոիդ հորմոնների, ցիտոտոքսիկ դեղամիջոցների, իմունոդեպրեսանտների կիրառումը, այլ վարակների առկայությունը, մաշկի հիվանդությունները և այլն:

     Արտածին կամ բուժական-ախտորոշիչ պրոցեսի և արտաքին միջավայրով պայմանավորված ռիսկի գործոններից են՝

  • նախավիրահատական գործոնները (երկարատև նախավիրահատական շրջանը, վիրահատական դաշտի սափրումը, ոչ ադեկվատ հակաբիոտիկականխարգելումը),
  • վիրաբուժական գործոնները (վիրաբուժական միջամտության բնույթը, գործողության տևողությունը և տրավմատիզմը, աշխատանքային օրվա ընթացքում վիրահատությունների իրականացման հերթականությունը, վիրակապությունների տեխնիկան և որակը, կարանյութի տեսակը, մաշկի ոչ բավարար մշակումը, շտապ վիրահատությունը, պրոթեզավորումը, իմպլանտացիան, երկարատև վիրահատությունը, դրենաժների օգտագործումը, ախտահանման վատ տեխնիկան, հյուսվածքների տրավմատիզմը, վերքերի անբավարար դրենավորումը, շնչափողաբրոնխային ծառի վնասվածքը, էլեկտրոկոագուլյացիայի չափազանց շատ օգտագործումը, անսպասելի աղտոտումը),
  • արտաքին միջավայրի գործոնները՝ անհամապատասխան արտահագուստը, վիրահատարանում մեծ ակտիվությունը, բաղարկված հականեխիչները, անբավարար օդափոխությունը, ախտահանման և մանրէազերծման գործընթացի խախտումները,
  • հետվիրահատական շրջանի ընթացքը՝ անձնակազմի որակավորումը և առողջական վիճակը, միկրոօրգանիզմների բազմադեղակայուն շտամների կրելիությունը:

ԲՄՎ-ի համաճարակաբանական հսկողությունը

ԲՄՎ-ի համաճարակաբանական հսկողությունը ԲՄՎ-ի համաճարակային պրոցեսի շարժընթացի մշտադիտարկման համակարգ է, որը ներառում է դրանց տարածման վրա ազդող գործոններն ու պայմանները, հսկողության և կանխարգելման գիտականորեն հիմնավորված համակարգի զարգացման համար ստացված տեղեկատվության հավաքումը և վերլուծությունը: Համաճարակաբանական հսկողությունն ապահովում է տեղեկատվության հավաքագրումը և վերլուծությունը` կառավարման որոշումներ կայացնելու համար:

Համաճարակաբանական վերահսկողության նպատակները.

  • Տրամադրել ԲՄՎ-ի համաճարակային իրավիճակի մասին օբյեկտիվ եզրակացություն առողջապահական հաստատությունում և նրա ստորաբաժանումներում, և դրա հիման վրա զարգացնել գիտականորեն հիմնավորված առաջարկություններ ԲՄՎ-ի վերահսկման վերաբերյալ:
  • Ժամանակին որսալ համաճարակային պրոցեսի միտումները, ԲՄՎ-ի պատճառագիտության փոփոխությունները, հայտնաբերել ռիսկի գործոնները՝ վերահսկողության միջոցառումների և կանխարգելման գործող համակարգում արագորեն ճշգրտումներ կատարելու համար:
  • Նպաստել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների բարելավմանը:

Վերջերս համաճարակաբանական հսկողության կազմակերպմամբ ԲՄՎ-ի վերահսկման և կանխարգելման միջոցառումներով բուժկանխարգելիչ հաստատություններում զբաղվում են կլինիկական համաճարակաբանները: Համաճարակաբանական վերահսկողություն ընդհանուր առմամբ իրականացվում է հիվանդանոցում և ներառում է տվյալների հավաքագրում բոլոր բաժինների հիվանդների և ԲՄՎ-ի բոլոր տեսակների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ ԲՄՎ կարող է հայտնաբերվել ոչ միայն հիվանդանոցում, այլև դուրս գրվելուց հետո: Միայն կլինիցիստների ներգրավվածությամբ իրականացված համաճարակաբանական հետազոտությունը հնարավորություն կտա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշելու՝ արդյոք վարակը ներհիվանդանոցայի՞ն է, թե՞ ոչ:

ԲՄՎ-ի համաճարակաբանական հսկողությունը ներառում է հետևյալ հիմնական չափորոշիչները՝

1. ԲՄՎ-ի գրանցում և հաշվառում,

2. հիվանդացության համաճարակաբանական վերլուծություն՝ ըստ ախտաբանական պրոցեսի տեղակայման, հարուցիչների,

3. մահացության վերլուծություն,

4. բժշկական անձնակազմի հիվանդացության վերլուծություն,

  1. բժշկական անձնակազմի շրջանում համաճարակաբանական նշանակություն ունեցող միկրոօրգանիզմների վարակակրության հայտնաբերում,
  2. հոսպիտալային շտամների տեսակային կազմի որոշում,
  3. հիվանդներից, մահացածներից, բժշկական անձնակազմից, շրջակա միջավայրի տարրերից անջատված միկրոօրգանիզմների կենսաբանական հատկությունների որոշում,
  4. հակաբիոտիկների, հականեխիչների և ախտահանիչների նկատմամբ միկրոօրգանիզմների կայունության շրջանակի որոշում,
  5. բժշկական գործիքների մանրէազերծման արդյունավետության մանրէաբանական վերահսկողություն, դեղային լուծույթների և այլնի, շրջակա միջավայրի տարրերի սանիտարական և մանրէաբանական ուսումնասիրություններ,
  6. բուժկանխարգելիչ հաստատությունում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմների մշտադիտարկում,
  7. ռիսկի խմբի հայտնաբերում,
  8. ռիսկի գործոնների բացահայտում,
  9. համաճարակաբանական իրավիճակի բարդացման նախանշանների հայտնաբերում,
  10. համաճարակային իրավիճակի գնահատում,
  11. իրականացվող գործունեության արդյունավետության գնահատում,
  12. կանխատեսում,
  13. ԲՄՎ-ի դեպքերի բացահայտում,
  14. բժշկական թափոնների վերահսկողություն:

ԲՄՎ-ի հայտնաբերման ակտիվ և պասիվ մեթոդները

          Պասիվ մեթոդը հիմնված է հիվանդանոցի համաճարակաբանին բժիշկների և բուժքույրերի կողմից ԲՄՎ դեպքերի վերաբերյալ կամավոր տեղեկատվություն հաղորդելու վրա: Ստացված տվյալները սովորաբար հնարավորություն չեն տալիս պատկերացում կազմելու նոզոկոմիալ վարակի իրական տարածվածության վերաբերյալ:

Ակտիվ մեթոդն անհամեմատ ավելի արդյունավետ է: Այն ենթադրում է կանոնավոր շփում բժիշկների, հիվանդասենյակային և միջամտություն իրականացնող բուժքույրերի հետ, կոլեգիալ հարաբերություններ հիվանդանոցի բժշկական անձնակազմի, ավագ բուժքրոջ, հիվանդանոցի վարչակազմի հետ:

          Քանի որ ներկայումս ինչպես մեր երկրում, այնպես էլ մի շարք այլ երկրներում, հիվանդների հոսպիտալացման տևողությունը կրճատելու միտում կա, ուստի այն հիվանդները, որոնք ԲՄՎ-ի դրսևորումներ ունեն դուրս գրվելուց հետո, պետք է դիմեն բժշկական օգնության՝ ըստ բնակության վայրի: Այս առումով կարևոր է լրացուցիչ տեղեկություններ ստանալ այլ հաստատություններից` պոլիկլինիկաներից, կանանց կոնսուլտացիաներից, վիրաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքներից, մանկական հիվանդանոցներից:

ԲՄՎ-ի հայտնաբերման ակտիվ և պասիվ մեթոդներով ստացված տվյալները հնարավորություն են տալիս ավելի օբյեկտիվ գնահատելու ԲՄՎ-ով պայմանավորված իրավիճակը (հաշվառում և գրանցում):

ԲՄՎ-ի գրանցումը և հաշվառումը

Համաճարակաբանական վերահսկողության համակարգի հիմքը ԲՄՎ-ի յուրաքանչյուր դեպքի գրանցումն ու հաշվառումն է, ինչպես նաև դրա վերաբերյալ ժամանակին գործառական տեղեկատվությունը՝ համապատասխան մակարդակներով: Այսօր ՀՀ բժշկական և կանխարգելիչ բոլոր հաստատություններում ներդրվել է ԲՄՎ-ի գրանցման և հաշվառման միասնական համակարգ, որով գնահատվում է տիրող իրավիճակը: Ա.Ձ.Համբարձումյան, Մ.Մ.Տեր-Ստեփանյան, Ա.Ռ.Բադալյան // Ընդհանուր և մասնավոր համաճարակաբանության հիմունքներ // Երևան, 2020, 474 էջ):

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group