Ախտահանիչ նյութերի շրջանառությունը ՀՀ-ում

Գնալ կայք

Ախտահանիչ միջոցների շրջանառությունը ՀՀ-ում իրականացվում է  Եվրասիական տնտեսական միության պահանջների և ենթաօրենսդրական ակտերին համապատասխան: Ախտահանիչ և համանման այլ միջոցները մանրածախ վաճառքի համար, կամ ներկայացված պատրաստի պատրաստուկների կամ արտադրատեսակների տեսքով, նախատեսված են կենցաղում, բժշկական օգնություն և սպասարկում իրականցնող կազմակերպություններում և այլ օբյեկտներում օգտագործելու համար՝ ապահովելու մարդկանց անվտանգությունն ու առողջությունը (բացառությամբ անասնաբուժության ոլորտում օգտագործվող միջոցների) (Կոդ`  ՏՆ ՎԵԴ ՏՍ 3808 /TH ВЭД TC 3808/):Համաձայն Կառավարության 2020 հունիսի 18-ի թիվ 1031-Ն որոշման, դրանք համարվում են սանիտարահամաճարակային վերահսկողության ենթակա, ինչպես նաև պետական գրանցման ենթակա ապրանքներ:

Ախատահանիչ նյութերը դասակարգվում են՝ ըստ ազդող նյութերի

 Ալկոհոլի հիմքով՝ հաճախ օգտագործվում են ներարկումներից առաջ մաշկը ախտահանելու համար, հետքեր չեն թողնում, արագ գոլորշիանում են, էժան են:

Քլորի հիմքով՝ ունեն լայն ախտահանման ազդեցություն, կարողող են գունաթափել գործվածքները և քայքայել մետաղական մակերեսները,

Ֆենոլներ՝ ստեղծում են պաշտպանիչ թաղանթ, որը հեշտ չէ հեռացնել ախտահանված մակերեսից Սա նրանց թույլ է տալիս երկար ժամանակ մաքուր պահել սենյակը,

Ալդեհիդներ՝ ունեն ազդեցության լայն սպեկտր, և նույնիսկ բացասաբար են ազդում սնկային սպորների վրա,

Ջրածնի պերօքսիդ՝ քիչ թունավոր են,  համարվում են շրջակա միջավայրի համար ամենաապահովներից մեկը,

Երրորդային և չորրորդային ամիններ՝ քիչ թունավորություն, ունեն լվացող հատկություններ

Օրգանական միացություններ՝ օգտագործվում են հեմոդիալիզի համակարգերի ախտահանման համար,

Գուանիդիններ՝ քիչ թունավոր են,

Համակցված ախտահանիչներ՝ բաղկացած է վերը նշված մի քանի ակտիվ բաղադրիչներից:

Ախտահանման միջոցների հակավարակաբանական փորձաքննություն՝ մասնագետների կողմից ախտահանման միջոցների նպատակային արդյունավետության, թունաբանական, հիգիենիկ և բնապահպանական անվտանգության լաբորատոր, բնապայմանային հետազոտությունների/փորձերի նյութերի, ինչպես նաև դրանց ուղեկցող նորմատիվ, մեթոդական և ուղեցուցային փաստաթղթավորման քննություն եւ գնահատում։

Ախտահանման միջոցներ՝ քիմիական և կենսաբանական միջոցներ, որոնք նախատեսված են ախտահանման (ախտահանիչ միջոցներ), նախամանրէազերծման մաքրման, մանրէազերծման (մանրէազերծման միջոցներ), միջատասպան (միջատասպան միջոցներ), կրծողասպան (կրծողասպան միջոցներ) համար, ինչպես նաև վանող նյութեր (ռեպելենտներ) և ոջլասպան միջոցներ։

Ախտահանիչ միջոցներ՝ ախտահանման միջոցներ, որոնք օգտագործվում են ախտահանման համար։

Ազդող նյութ (սուբստանցիա)՝ քիմիական և կենսաբանական նյութեր, որոնք մտնում են ախտահանման միջոցների բաղադրության մեջ՝ որպես արագ ազդող բաղադրիչներ՝ ապահովելով նպատակային արդյունավետությունը։

Կրծողասպան միջոցներ՝ ախտահանման միջոցներ, որոնք օգտագործվում են կրծողազերծման համար։

Ախտահանման միջոցի շրջանառություն՝ ընթացակարգեր, որոնք իրականացվում են ախտահանման միջոցների հետ՝ սկսած դրանց մշակումից մինչև օգտագործումը կամ ոչնչացումը։

Իրական վտանգի գնահատում՝ օգտագործման որոշակի պայմաններում մարդկանց առողջության և  շրջակա միջավայրի նկատմամբ ախտահանման միջոցի հնարավոր վտանգի մակարդակը։

Պատրաստուկային ձև՝ ազդող նյութից (սուբստանցիայից) եւ բաղկացուցիչ բաղադրիչներից կազմված ախտահանման միջոց, որը, պիտանի է օգտագործման համար։

Օգտագործման ռեժիմ՝ գործոնների համակցություն, որոնք բնորոշում են ախտահանման միջոցների կիրառումը՝ ներառելով ազդող նյութի խտությունը օգտագործվող պատրաստուկային ձևում և աշխատանքային լուծույթում, սպառման նորմերը, մշակման ժամանակը, մշակումների թիվը, օժանդակ նյութերի և կիրառման եղանակների օգտագործումը, մշակվող մակերևույթի մակերեսը, ըստ որոնց որոշվում է ախտահանման միջոցների անհրաժեշտ քանակը, մշակման ժամանակը։

Վանող նյութեր՝ քիմիական միջոցներ, որոնք վանում են հատվածոտանիներին և կրծողներին։

Մարդու բնակության միջավայր՝ շրջակա միջավայրի առարկաների, երևույթների եւ գործոնների համակցություն, ըստ որի որոշվում են մարդու կենսագործունեության պայմանները։

Նախամանրէազերծման մաքրման միջոցներ՝ լվանալու հատկանիշներով օժտված միջոցներ, որոնք նախատեսված են բժշկական նշանակության արտադրանքներից տարբեր բնույթի աղտոտվածության (այդ թվում՝ սպիտակուցային, ճարպային, մեխանիկական եւ այլն, դեղորայքային պատրաստուկների մնացորդներ) վերացման համար՝ նախքան դրանց մանրէազերծումը։

Սպասելու ժամկետներ՝ ախտահանման միջոցով մշակման և շինությունը օգտագործելու (կամ մշակված տարածք մուտք գործելու) միջև ընկած ժամանակահատված։

Մանրէազերծող միջոցներ՝ ախտահանման միջոցներ, որոնք օգտագործվում են մանրէազերծման համար։

Տարա՝ տարողություն և ցանկացած այլ բաղադրիչ կամ նյութ, որն անհրաժեշտ է տարողությամբ արտադրանքը պահելու գործառույթ կատարելու համար։

Փաթեթավորում՝ փաթեթավորման գործառնության արդյունքում ստացված պատրաստի արտադրանք, որը պատրաստ է տեղափոխման համար։

Ախտահանիչ միջոցների ազդող նյութերի անվտանգության գնահատման չափանիշներն  են՝

  • սուր, ենթասուր, քրոնիկ թունավորություն՝ ներառելով մարդու առողջության վրա ունեցած ազդեցության հատուկ և առանձին ազդեցությունների գնահատումը (ալերգենություն, վերարտադրողական թունավորություն, տերատոգենություն, մուտագենություն, քաղցկեղածնություն, սաղմնաթունավորություն),
  • գրանցվող ախտահանման միջոցի տեխնիկական արտադրանքների (սուբստանցիաներ, ազդող նյութեր) համապատասխանությունը ընկերություն–արտադրողի տեխնիկական արտադրանքին,
  • տեխնիկական արտադրանքում վտանգավոր (թունաբանական առումով կարևոր) խառնուրդների և մետաբոլիտների առկայություն,
  • ազդող նյութերի հիգիենիկ չափորոշիչները աշխատանքային գոտիների, բնակավայրերի մթնոլորտային օդում, ջրամբարների ջրում և հողում՝ շրջակա միջավայրի օբյեկտներում ազդող նյութերի պարունակության վերաբերյալ մշտադիտարկման տվյալների (առկայության դեպքում) օգտագործմամբ ։

Միկրոօրգանիզմների (բակտերիաների) արտադրական շտամների և կենսապատրաստուկների պատրաստի ձևերի համար գնահատման չափանիշներն են՝

  • շտամի ծագումը և մշակման (կուլտիվացման) պայմանները, այն նույնականացնելու եղանակը, շտամի տարածումը,
  • բակտերիաների ախտածնությունը (վիրուլենտություն, թունավորություն, թունածնություն), երկու տեսակի լաբորատոր կենդանիների մոտ մեկանգամյա ներորովայնային և/կամ ներստամոքսային ներմուծման, ինչպես նաև վերին շնչառական ուղիներով տաքարյուն կենդանիների օրգանիզմ ներթափանցման ընթացքում,
  • աչքի լորձաթաղանթի վրա գրգռող ազդեցությունը,
  • միկրոօրգանիզմների զգայունակության բարձրացման և իմունաթունաբանական ազդեցությունը մաշկից կամ վերին շնչառական ուղիներով ներթափանցելիս,
  • քրոնիկ փորձերի ընթացքում վնասակարության սահմանափակման չափորոշիչները։

Ախտահանման միջոցի պատրաստուկային ձևերի գնահատման չափանիշներն են՝

  • պատրաստուկային ձևի բաղադրիչների թունաբանական բնույթը (լցանյութեր, էմուլգատորներ, կայունացուցիչներ, լուծիչներ եւ այլն)՝ նշելով գործող չափանիշները, ԳԱՍ, ԻՈՒՊԱԿ /CAS, IUPAC/ համարները, ՐԻԱՉ /REACH/ համակարգում գրանցումները,
  • սուր պերօրալ թունավորություն,
  • սուր թունավորություն մաշկին քսելիս,
  • սուր ինհալացիոն թունավորություն (ստատիկ թունավորում),
  • սուր պարենտերալ թունավորություն (որովայնային խոռոչում՝ մանրէազերծման միջոցների համար),
  • տեղային գրգռիչ ազդեցություն մաշկի և լորձաթաղանթի վրա,
  • զգայունակության բարձրացման ազդեցություն,
  • ենթասուր պերօրալ թունավորություն (կուտակիչ հատկություններ), կուտակման գործակից (կրծողասպան, վարակազերծման միջոցներ՝ սննդարդյունաբերության և հանրային սննդի համար),
  • ենթասուր վերնամաշկային թունավորություն (մաշկային հականեխիչ միջոցներ, ոջլասպան միջոցներ, վանող նյութեր),
  • ենթասուր ինհալացիոն թունավորություն (միջատազերծման միջոցներ, ախտահանիչ միջոցներ),
  • մշակման առաջարկված ռեժիմներում, նորմերում և եղանակներում իրական վտանգի գնահատում,
  • ախտահանման միջոցների քիմիական և ֆիզիկական հատկանիշները՝ ներառելով նրանց ցնդողականությունը, կայունությունը, այլ միացությունների հետ համատեղելիությունը, հրդեհա և պայթունավտանգ լինելը (տվյալները ներկայացվում են արտադրողի կողմից),
  • ներմուծվող ախտահանման միջոցների վտանգավորության գնահատման վերաբերյալ Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (առկայության դեպքում) կամ Եվրոպական միության, կամ Ամերիկայի միացյալ նահանգների Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA) տվյալները։

ԱԽՏԱՀԱՆԻՉ, ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԵՎ ԿՐԾՈՂԱՍՊԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ախտահանիչ միջոցների ախտահանաբանական փորձաքննությունն իրականացվում է  սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունների ցանկում  ընդգրկված կազմակերպությունների կողմից, որոնք ունեն անհրաժեշտ գիտական և նյութական ապահովում, համապատասխան մասնագիտացմամբ և որակավորմամբ մասնագետներ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգին համաձայն:

Ախտահանման միջոցների ախտահանաբանական փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում է սահմանված նմուշի փորձագիտական եզրակացությունը, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

  • ախտահանման միջոցի անվանումը (նրա պատրաստուկային ձևը),
  • ախտահանման միջոցի ազդող նյութի (նյութերի) արտադրողը,
  • պատրաստուկային ձևի արտադրողը,
  • ախտահանման միջոցի հիգիենիկ բնորոշումը՝ ներառելով տեխնիկական արտադրանքի մաքրությունը և ախտահանման միջոցի վտանգավորության դասը (գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան),
  • քիմիական–վերլուծական ստուգման արդյունքները, ախտահանման միջոցների նպատակային արդյունավետության և անվտանգության գնահատում,
  • ախտահանման միջոցների կիրառման ոլորտը (բնակելի, ոչ բնակելի եւ արտադրական շինություններ, կոմունալ տնտեսության օբյեկտներ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և մանկական հաստատություններ, տրանսպորտ, բնակեցված կետեր, բնության կայաններ և այլն),
  • նորմատիվ փաստաթղթեր (սանիտարական նորմեր և կանոններ, սանիտարահամաճարակաբանական կանոններ, հիգիենիկ պահանջներ, ախտահանման միջոցների նպատակային արդյունավետության և անվտանգության նորմատիվ ցուցիչներ և այլն), որոնց համապատասխան ապահովվում են ախտահանման միջոցի հետ անվտանգ վարվելու միջոցները։

Ախտահանման միջոցների ախտահանաբանական փորձաքննության համար անհրաժեշտ նպատակային արդյունավետության վերաբերյալ փաստաթղթերի բացակայության, միջոցների թունա–հիգիենիկ հատկանիշների վերաբերյալ բացասական տվյալներ ի հայտ բերելու կամ փորձագիտական ուսումնասիրությունների ընթացքում բացասական արդյունքներ ստանալու դեպքում տրվում է հիմնավորված եզրակացություն ախտահանիչ միջոցի պետական գրանցման անհնարինության մասին։

ԱԽՏԱՀԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ

Ախտահանիչ միջոցների համար տարան (փաթեթավորումը) պատրաստվում է այն նյութերից, որոնք ապահովում են արտադրանքի անվնաս մնալը և բացառում ախտահանիչ միջոցներով շրջակա միջավայրն աղտոտելու հնարավորությունը՝ դրանք պահելիս, փոխադրելիս և կիրառելիս։

Ագրեսիվ վարակազերծման միջոցների (pH 2,0 միավորից քիչ եւ 11,5 միավորից շատ) փաթեթավորման տարան  մատակարարվում է պոմպով դրանք լցնելու համար։

Փոխադրման համար մակնշումը տպագրամեքենաներով դրոշմվում է անմիջապես տարայի վրա՝ կաղապարի կամ կպչուն պիտակների օգնությամբ։ Այն պետք է ունենա մանիպուլյացիոն նշաններ, դասակարգման ծածկագիր, սպառողի համար տեղեկություն՝ պարտադիր նշելով խմբաքանակի համարը, արտադրման ամսաթիվը (ամիս, տարի) և պահպանման երաշխիքային ժամկետը։

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համատեքստում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվում է ձեռքերի մշակումը իրականացնել առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, իսկ բժշկական նշանակության իրերի ախտահանումը և մանրէազերծումը, շրջակա միջավայրի ախտահանում 70-90% սպիրտի հիմքով կամ այլ (թաղանթավոր վիրուսների նկատմամբ վիրուսասպան ակտիվությամբ օժտված) ախտահանիչ միջոցով, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝  հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը կամ 70-90%-ոց սպիրտով:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group