Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ

Գնալ կայք

Ձեռքերի ժամանակին և ճիշտ  հիգիենիկ մշակումը  բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է:

           Ձեռքերի հիգիենան շարունակում է մնալ որպես հուզող հարց շատ առաջադեմ երկրների   առողջապահության համակարգերում:Լվա ձեռքերդ կարգախոսը հայտնի է բոլոր բուժաշխատողներին, սակայն այն  ոչ միշտ է ճշգրտորեն իրականացվում: ԲՄՎ (նոզոկոմիալ, հոսպիտալային) հիվանդանոցում բուժվելու ընթացքում հիվանդի ձեռք բերած վարակն է, որը նրա մոտ բացակայել է ընդունման պահին և դրանից առաջ: Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների  ձեռք բերած վարակները ևս դասվում են ներհիվանդանոցային վարակների շարքին:

Այդ հիվանդությունները արտահայտվում են շնչառական համակարգի, մարսողական և միզասեռական ուղու, արյան հունի և արյունատար համակարգի, մաշկային ծածկույթի և հետվիրահատական վարակային բարդությունների տեսքով:  Դրանք միանալով հիմնական հիվանդությանը, բարդացնում են բուժման  ընթացքը և հիվանդության ելքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է   ԲՄՎ-ների 14 մլն.դեպք, ընդ որում, դրանց 40-80 %-ը փոխանցվում են ձեռքերի միջոցով:

Ժամանակակից  գիտական հետազոտությունները ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ԲՄՎ-երի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ձեռքերի հիգիենան: Այն  ներհիվանդանոցային վարակների կանխարգելման պատմության  մեջ  առաջինն է, իսկ  ֆինանսական ծախսերի տնտեսման գործում` ամենամեծը:


                       

              ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԴԵՐԸ

   Երկար տարիներ բուժաշխատողների մոտ  ձեռքերի հիգիենայի դերը թերագնահատվել է` չնայած դրա բացահայտ անհրաժեշտությանը:    

  Դիտարկումները ցույց են տալիս,  որ կան որոշ պատճառներ, որոնք դժվարացնում են  ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանումը: Այդ  պատճառները հիմնականում հետևյալն են. 

  • ձեռքերի մաշկի գրգռվածությունը,
  • հիգիենայի միջոցների սղությունը կամ բացակայությունը,
  • գերադասվում է հիվանդի հետ շփման ժամանակը ձեռքերի հիգիենայի համար ծախսվող ժամանակի նկատմամբ,
  • լվացարանների տեղակայումը դժվար հասանելի տեղերում կամ
  • բացակայությունը,
  • ձեռնոցների կրումը,
  • մոռացության տալը,
  • գիտելիքների պակասը:

Բուժանձնակազմի հարցման արդյունքում պարզվել է, որ առողջապահության աշխատողները ձեռքերի հիգիենան պահպանում են 40 %-ով: Հատկանշական է, որ բժիշկները ձեռքերը լվանում են ոչ հաճախ, բայց ավելի մանրակրկիտ, քան բուժքույրերը:

  Բուժաշխատողները հաճախ թերագնահատում են վարակների տարածման տեսակետից ձեռքերի հիգիենայի դերը:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտաքին միջավայրում մանրէների շրջագայման ապահովումը և մեկ հիվանդից մյուսին դրանց փոխանցումը իրականանում է հաջորդաբար կատարվող հետևյալ գործողությունների արդյունքում, որտեղ ձեռքերը համարվում են փոխանցման գործոն կոնտակտային ճանապարհով մանրէների փոխանցման համար.

  • հիվանդի մաշկից կամ նրան շրջապատող առարկաների մակերեսներից մանրէները փոխանցվում են բուժանձնակազմի ձեռքերին,
  • այդ մանրէները շարունակում են պահպանվել (նույնիսկ մի քանի րոպե) բուժանձնակազմի ձեռքերի վրա
  • ձեռքերի հիգիենան կատարվում է անբավարար,
  • բուժանձնակազմի աղտոտված ձեռքերից մանրէները փոխանցվում են այլ հիվանդի կամ նրա հետ շփում ունեցող որևէ առարկայի մակերեսի վրա:
  • Հաճախ շաքարային դիաբետով, քրոնիկ երիկամային անբավարարությամբ, քրոնիկ մաշկաբորբերով հիվանդների մաշկը կոլոնիզացված է ոսկեգույն ստաֆիլոկոկով:
  • Բուժօգնության ցուցաբերման ընթացքում մանրէները կարող են փոխանցվել նորմալ չվնասված մաշկի մանրէներով աղտոտված հատվածներից` աճուկային շրջան և թևատակ:
  • Քանի որ մաշկը թեփոտվում է, ապա հիվանդների անկողնային սպիտակեղենը, ինչպես նաև նրան շրջապատող անհատական օգտագործման առարկաները կարող են հեշտությամբ աղտոտվել մաշկի թեփուկների հետ պոկված մանրէներով: Արդյունքում բուժաշխատողների ձեռքերը կարող են հեշտությամբ աղտոտվել նույնիսկ մաքուր բժշկական միջամտությունների արդյունքում. օրինակ` հիվանդին նստեցնելիս, նրա սրտի զարկերը կամ զարկերակային ճնշումը չափելիս, հիվանդի ձեռքին, ուսին կամ աճուկային շրջանին դիպչելիս:
  • Երբեմն նույն հիվանդի տարբեր ախտաբանական օջախները կարող են աղտոտված լինել տարբեր մանրէներով: Հաճախ դա նկատվում է պոլիտրավմաներով, ապարատային շնչառությամբ, արյունային կենտրոնական և ծայրամասային կատետրներ ունեցող, քիթ-ստամոքսային զոնդով, միաժամանակ մարմնի տարբեր օրգանների և անատոմիական հատվածների վրա վիրահատական միջամտություններ կատարած հիվանդների մոտ: Այդ պատճառով այդպիսի հիվանդի հետ շփման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ձեռքերը մշակել մի քանի անգամ` յուրաքանչյուր ախտաբանական օջախից մյուսին անցնելուց առաջ:

   

                        ՄԱՇԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

 Ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ մշակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ձեռքի մաշկի կառուցվածքը:

 Մաշկի արտաքին շերտը բաղկացած է տափակ բջիջներից: Դրանք մաշկային ավելի խորը` բազալ շերտի  բջիջներն են, որոնք բարձրանում են մաշկի մակերես` իրենց հետ տանելով այդտեղ գտնվող մանրէները:

Մաշկը ունի դինամիկ կառուցվածք,  բաղկացած է 15 շերտերից, որոնք թարմանում և ամբողջությամբ նորացվում  են 2 շաբաթում: Դա  համարվում է նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց, որի ընթացքում յուրաքանչյուր օր առողջ մաշկի վրա գոյանում են 107 մաշկային թեփուկներ: Դրանց 10,0% պարունակում է կենսունակ մանրէներ: Մաշկը գործնականորեն անթափանց է ջրի և ջրային լուծույթների համար, սակայն, ճարպալուծ նյութերը կարող են թափանցել, քանի որ բջիջների թաղանթները մեծ քանակությամբ ճարպ են պարունակում:

  Մաշկը ֆիզիկական պատնեշ է մանրէների թափանցման համար: Արտաքին շերտի միջբջջային տարածությունը լցված է ճարպային հյուսվածքի բջիջներով, որոնք ապահովում են դրա ամբողջականությունն ու պաշտպանիչ դերը: Բացի այդ, մաշկն ունի թթվային pH, որն իր հերթին ճնշում է մանրէների աճը: Մաշկային մազանոթները իրենց հերթին հնարավորություն են տալիս արագ մատակարարել լեյկոցիտներ և իմունոլոգիական պատասխանի համար կարևոր նյութեր: 

                          ՄԱՇԿԻ ՄԱՆՐԷԱՅԻՆ ԿԱԶՄԸ

   Ձեռքերի հիգիենայի արդյունավետ մեթոդ ընտրելու համար նպատաակահարմար է տարբերակել ձեռքերի վրա աճող և բազմացող մանրէները դրանց վրա պատահականորեն հայտնված մանրէներից:

Համաձայն ամերիկացի վիրաբույժ Ռ.Բ.Պրայսի դասակարգման, ձեռքերի մաշկի մանրէները բաժանվում են երեք խմբի.

  • ռեզիդենտ մանրէներ,
  • տրանզիտոր մանրէներ,
  • ինֆեկցիոն մանրէներ:

Ռեզիդենտ (մշտական) մանրէներ - ապրում և բազմանում են ձեռքերի մաշկի վրա:    Մաշկային ծածկույթի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրում կան 102-103 մանրէներ: Դրանց 10-20% գտնվում են մաշկի խորը շերտերում` հատկապես ճարպագեղձերի, քրտնագեղձերի և մազարմատների շուրջը:

Յուրաքանչյուր մարդու բնորոշ է մաշկի իր անհատական ռեզիդենտ մանրէային կազմը, որը կարող է փոխվել տեղային հակաբիոտիկների և հականեխիչների երկարատև օգտագործումից: Ռեզիդենտ մանրէների կազմում կլիմայական պայմանների կտրուկ փոփոխությունները նույնպես կարող են առաջացնել կայուն  տեղաշարժեր:

Ռեզիդենտ  մանրէները յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ անգամ կարող են թարմանալ:

 Որտեղ են տեղակայված ռեզիդենտ մանրէները

  • ապրում և բազմանում են մաշկի վրա,
  • 10-20% մաշկի խորը շերտերում, ճարպագեղձերում և քրտնագեղձերում,
  • եղունգների շուրջը և դրանց տակ,
  • ավելի քիչ քանակությամբ` միջմատնային մակերեսներում:

Մանրէների այս խմբում ավելի հաճախ հանդիպում են ստաֆիլոկոկերը, կորինոբակտերիաները, երբեմն նաև անաէրոբ բակտերիաները: Գրամ բացասական մանրէներից ացինետոբակտերը և կլեբսիելա-էնտերոբակտերը սովորաբար հայտնաբերվում են մաշկի խոնավ հատվածներում, սակայն ոչ հազվադեպ անջատվում են նաև մաշկի մակերեսային շերտերից և ընդունակ են առաջացնելու նաև ներհիվանդանոցային բռնկումներ:

 Տրանզիտոր (ժամանակավոր) մանրէները` դրանք ձեռքերի ժամանակավոր աղտոտվածության արդյունք են և ունեն հետևյալ բնութագիրը.

  • առաջանում են ձեռքերի պատահական աղտոտման ժամանակ,
  • կարող են պարունակել ցանկացած բնույթի մանրէ,
  • մաշկի վրա ապրում են սահմանափակ ժամանակահատված` 24 ժամից պակաս,
  • որակական և քանակական կազմը կայուն չէ,
  • մաշկի վրա չեն բազմանում,
  • ձեռքերը կարող են շփման ճանապարհով աղտոտվել նաև արտաքին միջավայրում կենսունակությունը երկարատև պահպանող վիրուսներով:
  • Տրանզիտոր մանրէները մաշկի ֆիզիկաքիմիական միջավայրի շնորհիվ կարող են ոչնչանալ, սակայն այս երևույթը հուսալի և ապահով չէ:
  • Տրանզիտոր որոշ մանրէներ կարող են ունենալ բարձր ախտածնություն և համաճարակաբանական տեսակետից ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան ռեզիդենտը:
  • Եթե մաշկը վնասված է քերծվածքներով կամ մշակվել է ձեռքերի հիգիենիկ մշակման ոչ համարժեք մեթոդով, ապա տրանզիտոր մանրէները կարող են երկար պահպանվել մաշկի վրա, առաջացնել աղտոտվածություն և ձևավորել նոր` ավելի վտանգավոր ռեզիդենտ մանրէների ժամանակավոր օջախ:
  • Բուժանձնակազմի ձեռքերը կարող են աղտոտվել նաև ներհիվանդանոցային, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ բարձր կայունություն ունեցող շտամներով:

Մանրէները  կարող են տարածվել հիվանդանոցային միջավայրում, ինչպես նաև փոխանցվել հիվանդից հիվանդ այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են ձեռքերի վրա: Այս հանգամանքով է պայմանավորված բուժաշխատողի ձեռքերի դերը ներհիվանդանոցային վարակների փոխանցման գործում:                                 

  • Ինֆեկցիոն մանրէները մաշկային վարակների պատճառ հանդիսացող մանրէներն են, օրինակ` մատնաշունչ առաջացնող մանրէն: Դրանց առկայության դեպքում ձեռքերի հիգիենային ցանկացած մեթոդի կիրառումը անօգուտ է, քանի որ դրանք պահպանվում են ձեռքի մաշկի վրա այնքան ժամանակ, քանի դեռ ախտաբանական օջախը վերացված չէ: Ուստի բուժաշխատողի ձեռքերի մաշկի վրա վարակի օջախների և մանր վնասվածքների առկայության դեպքում անհրաժեշտ է դրանք միաժամանակ և'  բուժել, և' վիրակապով փակել:
  • Ինֆեկցիոն մաշկային մանրէների խմբում ավելի հաճախ հանդիպում են ոսկեգույն ստաֆիլոկոկը և բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկը:

ՁԵՌՔԵՐԻ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԴԵԿՈՆՏԱՄԻՆԱՑԻԱ

  • Ձեռքերի հիգիենայի մեթոդները տարբեր են: Դրանցից յուրաքանչյուրի կիրառումը պետք է բխի ձեռքերի մշակման նպատակից, որն էլ, իր հերթին կախված է այդ պահին իրականացվող բժշկական. միջամտության տեսակից: Այն պետք է լինի համապատասխան և արդյունավետ` դարձնելով ձեռքը ապահով վարակի փոխանցման տեսակետից:
  • Նշված միջոցառումների շնորհիվ կարելի է նվազեցնել տրանզիտոր մանրէների քանակը, ինչպես նաև ընկճել կամ ամբողջությամբ վերացնել բոլոր մանրէների վարակելիությունը:
  • Ինչու է անհրաժեշտ փոխել մանրէները և' որակապես` ընկճելով դրանց վարակելիությունը, և' նվազեցնել քանակապես:
  • Քանի որ վարակ առաջացնելու համար պահանջվում է մանրէների որոշակի քանակ, որը բնութագրվում է որպես վարակման դոզա: Վարակման դոզան` վիրուլենտ հարուցիչի և ընկալ օրգանիզմի փոխհարաբերության արդյունքի գնահատման ցուցանիշ է: Ուստի որքան ընկալ է օրգանիզմը, այնքան ցածր է վարակման դոզան:
  • Հիվանդների որոշակի խմբի համար ձեռքերի մշակման արդյունավետ մեթոդով հնարավոր է մանրէների քանակը նվազեցնել, ավելի քան ինֆեկցման դոզան է: Սակայն հիվանդների մեկ այլ` ավելի ընկալ խմբի հետ աշխատելիս, բուժաշխատողի ձեռքերի մանրէների քանակի նույն չափով նվազեցումը կարող է անբավարար լինել:
  • Որքան բարձր է ձեռքերի վրա գտնվող մանրէների վիրուլենտությունը, այնքան փոքր քանակներով նա կարող է վարակ առաջացնել` վարակման դոզան փոքր է: Այս դեպքերում պահանջվում է կիրառել ձեռքերի հիգիենայի ավելի արդյունավետ մեթոդ:
  • Ձեռքերի հիգիենայի մեթոդի ընտրության համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև կատարվող բժշկական միջամտության տեսակը: Տարբեր իրավիճակներում պահանջվում է իրականացնել ձեռքերի հիգիենայի տարբեր մեթոդներ:
  • Ձեռքերի հիգիենայի դեկոնտամինացիայի մեթոդները պայմանականորեն բաժանվում են երեք խմբի.
  • սովորական լվացում,
  • հիգիենիկ անտիսեպտիկա,
  • վիրաբուժական անտիսեպտիկա:
  • Ձեռքերի դեկոնտամինացման խնդրահարույց անատոմիական հատվածներ են համարվում մատների ծայրերը, միջմատնային տարածությունները և առաջին`բութ մատների շրջանը: Այս հատվածներում կուտակվում են մանրէների մեծ մասը, քանի որ հիվանդներին բժշկական միջամտություններ կատարելիս կամ նրանց խնամելիս ավելի սերտ շփումը իրականացվում է մատների ծայրերով և առաջին մատների մակերեսով:

ՁԵՌՔԵՐԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԼՎԱՑՈՒՄ ՕՃԱՌՈՎ ԵՎ ՀՈՍՈՂ ՋՐՈՎ

  • Ձեռքերի սովորական լվացումը (հակամանրէային բաղադրիչներ չպարունակող) օճառով և հոսող ջրով ապահովում է կոլոնիզացված հիվանդների և շրջակա միջավայրի առարկաների հետ շփման հետևանքով բուժանձնակազմի ձեռքերի աղտոտման, տրանզիտոր և մաշկի մակերեսային շերտի մանրէների մեխանիկական հեռացումը:
  • Ձեռքերի լվացման ցուցումների վերաբերյալ բացարձակ խորհուրդներ դեռևս գոյություն չունեն` անբավարար հսկողական հետազոտությունների պատճառով: Ձեռքերի լվացում պահանջող բոլոր իրավիճակների թվարկումը կլիներ չափազանց բարդ և նույնիսկ վիճելի: Դրանք կախված են բժշկական միջամտության տեսակից, և վարակման ռիսկից, տևողությունից և մասնագիտական գործողությունների հաջորդականությունից:
  • Երբ է անհրաժեշտ ձեռքերըի լվանալ հոսող ջրով և օճառով.
  • Հիվանդի հետ ֆիզիկական շփումից առաջ և հետո:
  • Բուժհիմնարկում համակարգչային ստեղնաշարի օգտագործումից առաջ և հետո:
  • Սնունդ պատրաստելուց և բաժանելուց առաջ:
  • Սնվելուց առաջ:
  • Դեղորայք բաժանելուց առաջ:
  • Սանհանգույցից օգտվելուց հետո:
  • Բոլոր այն դեպքերում, երբ ձեռքերը տեսանելիորեն աղտոտված են:
  • Ձեռնոցներ հագնելուց առաջ և դրանք հանելուց հետո:
  • Ձեռքերի մաշկի արտաքին տեսքը պետք է լինի տեսանելի մաքուր:
  • Ձեռքերի կարճատև լվացումը սովորական օճառի փրփուրով 10- 15 վրկ տևողությամբ` հաջորդիվ հոսող ջրի տակ ողողումով, հիմնականում համարվում է բավարար:
  • Տաք ջուրը օճառի ազդեցությունն ավելի արդյունավետ է դարձնում, սակայն ձեռքերը լվանալիս պետք է խուսափել շատ տաք ջրի օգտագործումից, որը վնասում է մաշկը: Այդ պատճառով ավելի հաճախ գործնականում կիրառվում է գոլ ջուր:
  • Ձեռքերը միայն հոսող ջրով և օճառով լվանալն ապահովում է մաշկի մակերեսային շերտի մանրէների մեխանիկական հեռացումը: Այն կոչվում է մեխանիկական մաքրում:
  • Գոյություն ունի հստակ կապ ձեռքերի լվացման տևողության և տրանզիտոր մանրէների քանակի նվազեցման միջև: Բուժհիմնարկներում այն ամենից հաճախ տևում է 8-20վրկ: Սա բավարար է տրանզիտոր մանրէնիրի 90 % հեռացնելու համար, իսկ ռեզիդենտ մանրէները նվազում են միայն կիսով չափ, ընդամենը 50%-ով:
  • Մի քանի րոպե տևողությամբ ձեռքերի լվացում կարող է պահանջվել միայն տեսանելի և արյան կամ այլ օրգանական միացություններով աղտոտման դեպքում:
  • Ձեռքերը լվանուլուց հետո նախքան հիվանդի և մաքուր գործիքների հետ շփվելը, ինչպես նաև մինչև ձեռնոցներ հագնելը չպետք է դիպչել ոչ մաքուր առարկաների:

                                         

ԼՎԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

                                                

  • Ձեռքերի սովորական լվացման մեթոդի ճշգրիտ կիրառումը կախված է նաև բուժհիմնարկի լվացարաններով հագեցվածությունից:
  • Ձեռքերի սովարական լվացման ընթացքում կատարվում է նաև մանրէների տարածում լվացարանի մակերեսին, ջրի ծորակին և հնարավոր է նույնիսկ լվացվողի հագուստին: Այդ պատճառով ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարանները պետք է լինեն.
  • հասանելի և հարմար տեղադրված
  • օճառամանը` օգտագործման համար հեշտ և հասանելի տեղում,
  • սրբիչը` մեկ անգամվա օգտագործման համար,
  • օգտագործված սրբիչների հավաքման տարողությունը լվացարանի մոտ և հարմար տեղում,
  • ձեռքի սրբման միանվագ օգտագործման թղթե անձեռոցիկը, ձեռքերը չորացնելուց հետո, թույլատրվում է օգտագործել լվացարանի ծորակը փակելու համար` լվացված ձեռքը աղտոտելուց խուսափելու նպատակով
  • ձեռքերի լվացումից հետո կրկնակի աղտոտումից խուսափելու նպատակով մանրէներով վարակման բարձր ռիսկի (մեկուսարաններ, բոքսային հիվանդասեմյակներ և այլ) և <<մաքուր>> գոտիներում`(վիրահատարաներում, վիրակապարաններում) խորհուրդ է տրվում տեղադրել ձեռքի հետ շփումը բացառող լվացարաններ, որոնց ջրի ծորակը արմնկային, ոտնաթաթային կամ սենսորային է:
  • Կան բազմաթիվ գիտականորեն հիմնավորված ապացույցներ այն մասին, որ ձեռքերի սովորական լվացումից հետո մատների ծայրերին և միջմատնային մակերեսներում այնուամենայնիվ հաճախ մանրէները պահպանվում են: Ուստի     այս մեթոդի օգնությամբ բավարար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է խնամքով կատարել ձեռքերի լվացման բոլոր կանոնները:                                                      
  • Ձեռքերի արդյունավետ լվացումն ապահովելու համար պահանջվում է պահպանել հետևյալ կանոնները.
  • կարճ կտրված եղունգներ`դրանց երկարությունը պետք է լինի 5 մմ-ից պակաս,
    • 2)արհեստական եղունգների բացակայությունը
  • եղունգների վրա լաքի բացակայությունը, քանի որ մանրէները կարող են կուտակվել եղունգների հիմքում` լաքի և մաշկի կիսալուսնաձև աղեղի միջև,
  • անհրաժեշտ է հանել մատանիները, ժամացույցը և այլ զարդերը, քանի որ դրանք դժվարացնում են մանրէների արդյունավետ հեռացումը,
  • ջրի չափավոր շիթի տակ ձեռքերին օճառ քսել, շփել միմյանց 10-15 վայրկյան տևողությամբ, որից հետո ողողել հոսող ջրի տակ,
  • ձեռքերը չորացնել թղթե անձեռոցիկով, որով էլ փակել ջրի ծորակը: Թղթե անձեռոցիկին կարող են փոխարինել 30х30 սմ չափի մաքուր գործվածքի կտորները, որոնք պետք է օգտագործվեն մեկ անգամ: Օգտագործելուց հետո դրանք հարկավոր է նետել սրբիչների համար նախատեսված տարողությունների մեջ և ուղարկել լվացման,
  • չի թույլատրվում օգտագործել բազմակի օգտագործման սրբիչներ, քանի որ դրանք չեն հասցնում չորանալ և հեշտությամբ աղտոտվում են:
  • Էլեկտրական չորացնող սարքերի օգտագործումը հիվանդանոցներում նպատակահարմար չէ, քանի որ.
  • ձեռքերի չորացումը ավելի երկար է տևում, միաժամանակ հանդիսանում է նաև աղմուկի աղբյուր,
  • ինչպես հարկն է չի հեռացնում մաշկային թեփուկները և օճառի մնացորդը,
  • ստեղծում է օդի անցանկալի շարժ:
  • Ձեռքերի լվացման օճառը կարող է լինել մեկանգամյա օգտագործման օճառի կտոր, հեղուկ, հատիկավոր և փոշի օճառի ձևով:
    • Ցանկալի է, որ օճառը չունենա սուր հոտ:
    • Նախընտրելի է օգտագործել հեղուկ օճառ` մեկանգամյա օգտագործման չափաբաժին ունեցող օճառամաններով: Բազմակի չափաբաժիններով օճառամանները ժամանակի ընթացքում աղտոտվում են, այդ պատճառով կիսով չափ դատարկված օճառամանի մեջ չի կարելի հեղուկ օճառ ավելացնել:
    • Օճառամանը պետք է դատարկել, լվանալ, չորացնել և նոր միայն լցնել թարմ օճառ:
    • Կտորներով օճառը պետք է տեղադրել անցքերով օճառամանների մեջ, որպեսզի լվացումների միջև ընկած ժամանակահատվածներում այն հասցնի չորանալ:
  • Հատիկավոր և փոշի օճառի օգտագործման դեպքում երկարում է ձեռքերի լվացման տևողությունը: Դրանց լրիվ հեռացման համար պահանջվում է ձեռքերը ավելի մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ:
  • Օճառի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել բուժանձնակազմի ալերգիկ ռեակցիաների և մաշկաբորբերի առաջացման հաճախականությունը, նրանց նախասիրությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ֆինանսական հնարավորությունները:
  • Բազմաթիվ իրավիճակներում, (ախտորոշիչ-լաբորատոր հետազոտությունների ընթացքում, վարակային բաժանմունքներում, մեկուսարաններում և այլն) մանրէներով բուժաշխատողների ձեռքերի կոնտամինացման ռիսկը մեծ է: Այս դեպքերում ձեռքերի սովորական լվացումը նպատակահարմար է փոխարինել ձեռքերի մանրէների դեկոնտամինացիայի ավելի բարձր արդյունավետություն ապահովող մեթոդով:
  • Ձեռքերը կարելի է լվանալ հոսող ջրով և ցանկացած տեսակի օճառով: Եթե օճառը պարունակում է նաև ախտահանող որևէ նյութ, ապա ձեռքերի հիգիենայի այդ մեթոդը ընդունված է անվանել ձեռքերի ախտահանող լվացում, իսկ եթե այն կատարվում է առանց հոսող ջրի` միայն ախտահանող լուծույթի կիրառմամաբ, ապա անվանվում է ձեռքերի ախտահանող շփում:

ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ԱՆՏԻՍԵՊՏԻԿԱ

 

Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկան հականեխիչ նյութերի միջոցով ձեռքերի մշակումն է, որի  նպատակն է ձեռքերի մաշկի վրա մանրէները նվազագույն քանակի հասցնելը  և դրանց ակտիվ աճը կասեցնելը: Այն ապահովում է ձեռքի մանրէների քիմիական հեռացումը: Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել այն դեպքերում, երբ առկա է ձեռքերի մանրէներով աղտոտման ռիսկ: Ձեռքերի տեսանելի աղտոտվածության դեպքում անհրաժեշտ է նախապես լվանալ հոսող ջրով և օճառով, հետո միայն մշակել հականեխիչով:

  • Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով օգտագործվում են հակամանրէային ակտիվություն ունեցող տարբեր նյութեր` 4% քլորհեքսիդին, 7,5% պովիդոն յոդ, սպիրտ պարունակող նյութեր, իզոպրոպրանոլ և այլ: Անհրաժեշտ է նշել, որ սպիրտային հիմքով հականեխիչները  ավելի արդյունավետ են, քան  ջրային լուծույթները:
  • Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկան անհրաժեշտ է կատարել.
  • Բարձր ընկալունակությամբ հիվանդների և նորածինների հետ շփվելուց և բուժօգնություն ցուցաբերելուց առաջ:
  • Վերքերի, կատետերների հետ գործողություն կատարելուց առաջ և հետո:
  • Վերքային արտադրությունների և կենսաբանական նյութերի հետ շփվելուց հետո:
  • Վիրակապական միջամտություններից առաջ և հետո:
  • Վիրահատական միջամտություններից առաջ և հետո:
  • Ձեռքերի հականեխիչների հաճախակի օգտագործումը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների.
  • առաջացնում է ալերգիա,
  • մաշկի կնճռոտում (մացեռացիա),
  • ճաքեր,
  • վերանում է մշտական և ժամանակավոր մանրէների միջև բնական անտագոնիզմը:
  • Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով հականեխիչ նյութերի ընտրության համար պետք է հաշվի առնել բժշկական միջամտության բնույթը, մանրէների տեսակային կազմը, ձեռքերի հերթական մշակումների միջև ընկած ժամանակահատվածը և ձեռքերի մաշկի վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր  նյութ ընտրելիս հաշվի առնել դրա ազդեցության առանձնահատկույունները:
  • Ձեռքերի մշակման ժամանակակից հականեխիչները օժտված են հակամանրէային լայն ազդեցությամբ, սակայն չեն ազդում մանրէների սպորների վրա: Դրանց հեռացման համար պահանջվում է ձեռքերի լվացում, որի շնորհիվ սպորները մեխանիկորեն հեռացվում են: Սպորիցիդ հատկությամբ օժտված նյութերը չափազանց ագրեսիվ են ձեռքերի մաշկի նկատմամբ:
  • Ձեռքերի ախտահանող շփումը ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի համար հանդիսանում է արդյունավետ մեթոդ և առանց լվանալու հեռացնում է տրանզիտոր մանրէները և սպանում է դրանք: Այն գնահատվում է որպես ձեռքերի հիգիենիկ մշակման ավելի արդյունավետ մեթոդ, քան օճառով ձեռքերի սովորական լվացումը:
  • Այս մեթոդով ձեռքերը մշակելու համար պահանջվում է 3-5 մլ հականեխիչ լուծույթը շփել երկու ձեռքերով մինչև հեղուկը լրիվ չորանա,կամ այնքան ժամանակ, որքան առաջարկվում է կիրառվող նյութը արտադրողի կողմից: Պահանջվում է ուշադիր լինել, որպեսզի մշակվեն ձեռքի բոլոր հատվածները, հատկապես եղնգատակերը և հարեղնգային մասերը:
  • Ձեռքերի ախտահանող շփման նպատակով օգտագործվող հականեխիչ նյութերը օժտված են հակամանրէային լայն ազդեցությամբ, ազդում են բակտերիաների, վիրուսների, սնկերի, նույնիսկ միկոբակտերիաների վրա, բացի սպորներից, չնայած այն բանին, որ այդպիսի ահրաժեշտություն գործնականում հազվադեպ է առաջանում:
  • Մշտապես անհրաժեշտ է հաշվի առնել այն աշխատանքային պայմանների առանձնահատկությունները, որում նախատեսվում է կիրառել այս մեթոդը. օրինակ` մանկական կլինիկաներում կիրառման նախապատվությունը պետք է տալ այն հականեխիչներին, որոնք ազդում են ռոտավիրուսների վրա, հակատուբերկուլոզային հիվանդանոցներում` օգտագործել այն հականեխիչները, որոնք օժտված են տուբերկուլոցիդ հատկությամբ:
  • Հաստատված է, որ սպիրտային հիմք ունեցող հականեխիչները օժտված են ավելի ակտիվ հակավիրուսային ազդեցությամբ, քան ֆենոլային, չորրորդային ամոնիումային, քլոր պարունակող միացությունները, պովիդոն - յոդը, քլորհեքսիդին գլյուկոնատը: Բացի այդ, տարբեր սպիրտային հիմքեր ունեցող հականեխիչներից էթանոլը համարվում է ամենաակտիվ հակավիրուսային նյութը:
  • Ձեռքերի ախտահանող շփումը հատկապես սպիրտային հիմքով հականեխիչների կիրառմամբ նախընտրելի է օճառով և ջրով ձեռքերի լվացումից: Այս նպատակի համար նախընտրելի են սպիրտ պարունակող նյութերի կիրառումը ջրային լուծույթներից, քանի որ դրանք լավ են թրջում մաշկը և արագ են գոլորշիանում:
  • Ձեռքերի ախտահանող շփման մեթոդի առավելությունները.
  • Ապահովում է արագ ախտահանում:
  • Հարմար է կիրառել այնտեղ, որտեղ չկա հոսող ջուր:
  • Ավելի արդյունավետ է , քան ջրով լվացումը:
  • Չի աղտոտում արտաքին միջավայրը:
  • Հոսող ջրի բացակայության դեպքում` շտապ օգնության մեքենաներում, կարելի է կիրառել սպիրտ պարունակող նյութերով առատ և թարմ թրջված մեծ անձեռոցիկներ` որպեսզի հնարավոր լինի ձեռքերը թրջել ամբողջ մակերեսով, և այն ձեռքի վրա պահպանվի 30 վայրկյանից ոչ պակաս: Այսպիսի անձեռոցիկները թույլ են տալիս ախտահանել և միաժամանակ ձեռքերից հեռացնել առաջացած նստվածքը: Սակայն միշտ անհրաժեշտ է ուշադիր լինել, որ անձեռոցիկը լինի թաց, առանց չորացման հետքերի, քանի որ այդ դեպքում անձեռոցիկը ոչ միայն չի ապահովում ձեռքերի թրջումը, այլ նաև նվազում է սպիրտի անհրաժեշտ խտությունը: Այդ պատճառով էլ այս մեթոդով ձեռքերի մշակման արդյունքների ուսումնասիրության արդյունքները հաճախ տարբեր են լինում: Հաշվի առնելով այս հանգամանքը, սպիրտով թրջված անձեռոցիկների  կիրառումը որպես ձեռքերի սովորական լվացման այլընտրանքային տարբերակ`  նախընտրելի է կիրառել հիվանդանոցային պայմաններից դուրս:
  • Ձեռքերի ախտահանող շփման մեթոդի բացասական հատկությունները .

Առանց փափկեցնող նյութերի կիրառման` չորացնում է մաշկը,

  • պայթունավտանգ է,
  • պահանջում է հականեխիչ նյութի բարձր խտություն,
  • ավելի արդյունավետ է, երբ կիրառվում է չոր ձեռքերի վրա,
  • առաջացած մանրէների և փափկեցնող նյութից առաջացած շերտերի հեռացման համար մի քանի շփումից հետո այնուամենայնիվ պահանջվում է ձեռքերը լվանալ հոսող ջրով:
  • Ձեռքերի ախտահանող լվացում` ձեռքերից տրանզիտոր մանրէների մեխանիկական հեռացումն է միաժամանակ ազդելով դրանց ակտիվության վրա` օճառին ավելացրած հականեխիչ նյութի օգնությամբ: Այս մեթոդը նպատակահարմար է կիրառել մեկուսարաններում, ինչպես նաև ներհիվանդանոցային բռնկումների ժամանակ:
  • Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ հականեխիչ նյութ է պարունակում օճառը, քանի որ դրանք տարբերվում են իրենց հակամանրէային ազդեցությամբ: Օրինակ` չորրորդային ամոնիումային միացությունները ակտիվ չեն հիդրոֆիլ վիրուսների, միկոբակտերիաների և կապտաթարախածին մանրէի հանդեպ, քլորհեքսիդինը չի ազդում միկոբակտերիաների վրա: Ֆենոլային միացությունները չեն ազդում հիդրոֆիլ վիրուսների վրա:  Տրիկլոզանը չի ազդում սնկերի վրա:
  • Այս նյութերը հաճախ են հանդիպում օճառների արտադրության Եվրոպական շուկայում:
  • Ձեռքերի հիգիենայի այս մեթոդի կիրառման ժամանակ անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել, թե որտեղ է նախատեսվում այն կիրառել, և ինչ հականեխիչ բաղադիչ ունի օճառը:
  • Ձեռքերի հիգիենայի ախտահանող լվացման մեթոդը կարելի է կիրառել նաև բուժման նպատակով` բուժանձնակազմի և հիվանդների մոտ առաջացած բազմակայուն մանրէների կոլոնիզացիան վերացնելու համար: (Ավստրալիայի և Բրիսբենի հիվանդանոցներում 1% տրիկլոզան պարունակող օճառի երկարատև օգտագործման միջոցով հաջողվել է կասեցնել և վերացնել մետիցիլինկայուն ստաֆիլոկոկի էնդեմիկ տարածումը նեոնատոլոգիայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ընդ որում առանց այնպիսի բարդությունների և կողմնակի ազդեցությունների առաջացման, ինչպիսիք են գրամ-բացասական մանրէներով ձեռքերի մաշկի  կոլոնիզացիան  և ճաքերի առաջացումը):
  • Այս մեթոդները կիրառվում են այն դեպքերում, երբ առկա է ձեռքերի մանրէային աղտոտվածություն: Այս մեթոդների միջոցով կարելի է հեռացնել միայն տրանզիտոր մանրէները, դրանք ռեզիդենտ մանրեների վրա չեն ազդում:
  • Ձեռքերի ախտահանող լվացման և Ձեռքերի ախտահանող շփման միջև ընտրությունը կախված է աշխատանքի ընթացքում ստեղծված իրավիճակից և բուժաշխատողի նախասիրությունից:
  • Որ դեպքերում են դրանք կիրառվում.
  • Եթե աշխատանքի ընթացքում կատարվել է ձեռքերի հնարավոր աղտոտում պաթոգեն մանրէներով:
  • Կիրառվում է այն մեթոդը, որը այդ իրավիճակում հասանելի է և հարմար բուժաշխատողի համար:
  • Կիրառվում է այն մեթոդը, որը թույլ է տալիս խնայել ժամանակը:
  • Մեթոդի ընտրության հարցում կարող է դեր ունենալ նաև բուժաշխատողի նախասիրությունը:

                                        ՁԵՌՔԵՐԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ

  • Ձեռքերի հիգիենայի այս մեթոդի նպատակն է հեռացնել և վերացնել տրանզիտոր, ինչպես նաև ռեզիդենտ մանրէները: Չնայած ձեռքերի հիգիենայի մեթոդների անընդհատ կատարելագործմանն ու նոր մեթոդների ներդրմանը, այնուամենայնիվ չի հաջողվել ստանալ այնպիսի հականեխիչ նյութ կամ մեթոդ, որը կապահովեր տրանզիտոր և ռեզիդենտ մանրէների ամբողջական վերացումը: Այս հանգամանքը հայտնի էր վիրաբուժներին շատ վաղուց: Սա էր պատճառը, որ դեռևս 1889 թվականին Բալտիմորի հիվանդանոցի վիրաբույժ Վ.Ս. Հալսթեդը առաջարկեց վիրհատական խմբի անդամներին վիրաբուժական միջամտությունների ժամանակ կրել ռետինե ձեռնոցներ: Սակայն դրանք էլ վիրահատական միջամտությունների ընթացքում հաճախ վնասվում և դառնում են թափանցելի մանրէների համար: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վնասվածքաբանական և օրթոպեդիայի վիրահատությունների ընթացքում 38% ձեռնոցները վնասվում են, ընդ որում ձախ ձեռքինը ավելի հաճախ` 47%, քան աջը` 29%: Փափուկ հյուսվածքների վրա վիրահատություններ կատարելիս ձեռնոցների վնասումը կազմում է 16%:
  • Հետվիրահատական վերքերի վարակային բարդությունների մանրամասն հետազոտությունները ապացուցել են, որ մաքուր վիրահատություններից հետո, որոնց ընթացքում տեղի է ունեցել ձեռնոցների վնասում, վարակային բարդությունների մակարդակը բաձր է`5,7 %, իսկ առանց ձեռնոցների վնասման այն կազմել է 1,7%: Այդ պատճառով ձեռքերի վիրաբուժական մշակման ընթացքում անհրաժեշտ է հասնել ձեռքերի մակերեսի վրա պարունակվող մանրէների քանակի նվազեցման այնպես, որ նույնիսկ ձեռնոցների վնասման դեպքում այն ցածր լինի  վարակման դոզայից:
  • Տարիներ շարունակ ձեռքերի վիրաբուժական մշակման համար օգտագործվել են խոզանակներ: Սակայն, դրանց օգտագործումն առաջացնում է բուժանձնակազմի ձեռքերի վնասվածքներ և նպաստում է ձեռքերի մաշկից արտաքին միջավայր մանրէների տարածմանը: Այս նպատակով խոզանակի փոխարեն կիրառվել են նաև միանվագ օգտագործման սպունգներ` նույն արդյունավետությամբ:  Սակայն այս մեթոդի երկարատև ուսումնսիրությունները ապացուցել են, որ  վիրաբուժական մշակման համար ձեռքերի մշակումն առանց խոզանակի կամ սպունգի, միայն սպիրտ պարունակող հականեխիչներով, լիովին բավարար է: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում բուժաշխատողը մասնակցում է մի քանի վիրահատությունների, ապա խոզանակով ձեռքերի մշակումը բավարար է կատարել միայն առաջին վիրահատությանը նախապատրաստվելիս: Սրանք կատարվում է ձեռքերին ձեռնոցներ հագնելուց առաջ:
  • Ձեռքերի վիրաբուժական մշակման նպատակով հականեխիչ նյութի ընտրության դեպքում անհրաժեշտ է հիմնվել ռեզիդենտ մանրէների նկատմամբ դրանց հակամանրէային ազդեցության վրա:
  • Հաճախ այս նպատակով կիրառվում են հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով կիրառվող նույն հականեխիչ նյութերը, սակայն մշակման տարբեր տևողությամբ` 2-3 րոպե, ինչպես նաև մշակվում են ձեռքերի ավելի մեծ մակերես`նախաբազուկը և դաստակը: Երկար ժամանակ պահանջող վիրահատություների դեպքում նախընտրելի են այն հականեխիչները, որոնք օժտված են երկարաժամկետ ազդեցությամբ: Վիրաբուժության մեջ ավելի հաճախ կիրառվում են այն հականեխիչ նյութերը, որոնք ձեռնոցների տակ պահպանում են իրենց հակամանրէային ազդեցությունը ոչ պակաս, քան 3 ժամ, քանի որ այդ ընթացքում վիրահատությունների հիմնական մասը հասցվում է ավարտել: Մնացած բոլոր դեպքերում անհրաժեշտ է փոխել ձեռնոցները` կրկին կատարելով ձեռքերի վիրաբուժական մշակում:
  • Հատկանշական է, որ տարբեր երկրների առողջապահական համակարգերում նախընտրում են կիրառել տարբեր նյութեր` օրինակ Կենտրոնական և Հյուսիսային Եվրրոպայի երկրներում առավելությունը տրվում է սպիրտին կամ սպիրտ պարունակող նյութերին, իսկ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում` այլ հականեխիչներին:

ՁԵՌՔԵՐԻ ԽՆԱՄՔ

  • Ձեռքերի արդյունավետ մշակման համար առողջ մաշկը պարտադիր պայման է: Ձեռքերի մաշկի խնամքի համար անհրաժեշտ է օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք անցել են մանրակրկիտ փորձարկումներ, ալերգիա առաջացնող բաղադրիչներ չեն պարունակում, նախընտրելի է` առանց հոտի: Խորհուրդ չի տրվում սպիրտ պարունակող հականեխիչով ձեռքերը մշակելուց առաջ ամեն անգամ ձեռքերը լվանալ օճառով և ջրով:
    • Ցանկալի չէ ձեռքերը լվանալ շատ տաք ջրով, քանի որ այն հեռացնում է ձեռքերի մաշկի պաշտպանական ճարպային շերտը:
    • Ձեռքերի մաշկը չորանալուց պաշտպանելու համար հարկավոր է պարբերաբար, առնվազն օրը մեկ անգամ օգտագործել մաշկը խոնավացնող քսուկ:

Ձեռքերի հիգիենիկ անտիսեպտիկայի նպատակով օգտագործվող հիմնական հականեխիչ միջոցների համեմատական բնութագիրը

Հականեխիչները

Հակամանրէային ակտիվությունը

Ծանոթություն

Սպիրտներ

Օժտված են բարձր հակամանրէային ազդեցությամբ Գրամ-դրական և Գրամ-բացասական մանրէների մեծամասնության և տուբերկուլոզի միկոբակտերիայի նկատմամբ: Չունեն սպորիցիդ հատկություն, բայց, ազդում են որոշ սնկերի և վիրուսների շատ  տեսակների վրա:

Լավագույն խտությունը համարվում է 70°, որի հակամանրէային ակտիվությունը պայմանավորված է սպիտակուցները կազմալուծելու հատկությամբ, ընդ որում, 70° սպիրտային լուծույթներն ավելի արդյունավետ են համարվում, քան սպիրտների ավելի բարձր տոկոսային պարունակությամբ լուծույթները, քանի որ սպիտակուցներն ավելի հեշտ են կազմալուծվում ջրի ներկայությամբ:  Սպիրտների ակտիվությունը նվազում է սպիտակուցների մակարդող ազդեցությունից, որոնք հետո ստեղծում են պաշտպանիչ շերտ մանրէների համար: Արդյունավետ են համարվում ձեռքերի մշակման համար, չնայած այն հանգամանքի, որ չորացնում են մաշկը, սակայն, այդ բացասական ազդեցությունը կարելի է մեղմացնել փափկեցնող նյութեր ավելացնելիս (օրինակ, գլիցերին, որն րի հերթին, ուժեղացնում է նյութի ազդեցությունը):

Յոդի միացություններ, յոդի սպիրտային լուծույթներ

Ունեն հակամանրէային ազդեցության լայն սպեկտր, ներառյալ Գրամ-դրական և Գրամ-բացասական մանրէները և տուբերկուլոզի միկոբակտերիան, ինչպես նաև սպորները, սնկերը, վիրուսները:

Երկարատև օգտագործման ժամանակ և զգայուն մարդկանց մոտ կարող է առաջացնել մաշկի տոքսիկ կամ ալերգիկ ազդեցություն, սակայն, դա քիչ հավանական է 1% թուրմի կամ կարճատև օգտագործման ժամանակ:

Յոդոֆորմներ

Ազդում են, ինչպես յոդը: Ակտիվ են մանրէների, ներառյալ ստաֆիլոկոկերի ռեզիստենտ շտամների, տուբերկուլոզի միկոբակտերիայի, կապտաթարախածին մանրէների, սպորների, սնկերի, էնտերո-, հերպես-, ռոտա-, ադենովիրուսների և ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Ի տարբերություն յոդի, ունեն ավելի քիչ գրգռիչ ազդեցություն, օժտված են երկարատև ազդեցությամբ:

Քլորհեքսիդին

Ունի հակամանրէային բավական լայն սպեկտր, սակայն, ավելի ակտիվ է Գրամ-դրական,քան Գրամ-բացասական մանրէների նկատմամբ: Քիչ ակտիվ է տուբերկուլոզի միկոբակտերիայի և սնկերի նկատմամբ:

Չունի գրգռող և ալերգիկ ազդեցություն, տոքսիկ չէ: Ակտիվ է օրգանական նյութերի ներկայությամբ: Բնորոշվում է արտահայտված երկարատև ազդեցությամբ: Որոշ մանրէներ կարող են դրսևորել կայունություն նյութի նկատմամբ: Ազդեցությունը խիստ կախված է համակցված նյութի կազմից և մասնավորապես, pH-ից:

Տրիկլոզան

Օժտված են ազդեցության լայն սպեկտրով, ակտիվություն է դրսևորում Գրամ-դրական և որոշ Գրամ-բացասական մանրէների նկատմամբ (կապտաթարախածին մանրէները կայուն են տրիկլոզանի նկատմամբ): Քիչ ակտիվ է սնկերի նկատմամբ:

Օժտված է ներթափանցող բարձր ազդեցությամբ, չի գրգռում մաշկն ու լորձաթաղանթները:

Քլորքսիլեն

Ունի ազդեցության բավական լայն սպեկտր, սակայն, ավելի ակտիվ է Գրամ-դրական,քան Գրամ-բացասական մանրէների նկատմամբ: Չափավոր ակտիվ է տուբերկուլոզի միկոբակտերիաների, որոշ սնկերի և վիրուսների նկատմամբ:

Ավելի քիչ ակտիվ է, քան քլորհեքսիդինը և յոդոֆորը: Չի գրգռում մաշկն ու լորձաթաղանթները: Էթիլենդիամինտետրաքացախաթթվի /EDTA/ ավելացման դեպքում կարող է ակտիվ լինել կապտաթարախածին մանրէների նկատմամբ:

Ձեռքերի մանրէներով աղտոտման հավանականությունը տարբեր բժշկական միջամտությունների ժամանակ ` նվազագույնից դեպի առավելագույնը

Գործողության տեսակը

1

Շփումը մաքուր, ախտահանված կամ մանրէազերծված առարկաների հետ

2

Առարկաներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն ունեցել

3

Առարկաներ, որոնց հետ հիվանդների շփումը սահմանափակ է /օրինակ, կահույքը/

4

Առարկաներ, որոնց հետ անմիջական շփում են ունեցել ոչ վարակիչ հիվանդները /օրինակ, անկողնային սպիտակեղենը/

5

Ոչ վարակիչ հիվանդները` նվազագույն շփում պահանջող գործողությունների ժամանակ /օրինակ` արյան զարկերակային ճնշումը, անոթազարկը չափելիս և այլն/

6

Առարկաներ, որոնք ենթադրյալ  աղտոտված են, հատկապես, խոնավացված և թաց առարկաները

7

Առարկաներ և իրեր, որոնք անմիջական շփում են ունեցել վարակիչ հիվանդների հետ, օրինակ, անկողնային սպիտակեղենը

8

Օրգանիզմի ցանկացած կենսաբանական նյութ

9

Վարակիչ հիվանդների օրգանիզմի ցանկացած կենսաբանական նյութ

10

Վարակի օջախները

Վիրաբուժական և որոշ ոչ վիրաբուժական միջամտությունների ժամանակ առաջարկվող ձեռքերի մշակման մեթոդները

Միջամտությունների տեսակները

Դրանց օրինակները

Ձեռքերի մշակման առաջարկվող եղանակը

Ձեռնոցների կիրառումը

Ծանոթություն

Ոչ վիրաբուժական

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group