Ծայրամասային երակային կաթետերի տեղադրման եվ խնամքի ընթացակարգը

Գնալ կայք

Կաթետեր-ասոցացված վարակների կանխարգելման կարևորագույն գործընթացներից է ծայրամասային երակային կաթետերի ճիշտ տեղադրումը և խնամքը:Կաթետերների ամենօրյա խնամքը հնարավորություն կտա հոսպիտալային համաճարակաբաններին/վարակի հսկողության պատասխանատուներին ներանոթային սարքերով պայմանավորված ներհիվանդանոցային վարակների հայտնաբերմանը և կանխարգելմանը:Ներանոթային սարքերի՝ կաթետերի կիրառումը կարող է առաջացնել բազմաթիվ բժշկական միջամտություններով պայմնավորված վարակներ, ինչպես տեղային, այնպես էլ համակարգային՝ ներառյալ սեպտիկ թրոմբոֆլեբիտը, էնդոկարդիտը, արյան հունի վարակը և տարբեր օրգաններում վարակի մետաստատիկ օջախները (օստեոմիելիտ, էնդօֆթալմիտ, արթրիտ):

Պարտականություններ և պահանջներ՝ կապված անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության հետ.

  • Կաթետերի տեղադրման և խնամքի մեջ ներգրավված ողջ անձնակազմը պարտավոր է պահպանել ստանդարտ նախազգուշական միջոցառումներ (անհատական անվտանգության կանոններ)՝ կիրառելով անհատական պաշտպանության միջոցներ (խալաթ, ձեռնոցներ, դիմակ):
  • Ձեռնոցների կիրառման դեպում առաջնորդվել համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 2718-Ա հրամանով հաստատված «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» մեթոդական ուղեցույցի պահանջներով:
  • Բժշկական թափոնների անվտանգ գործածության, ինչպես նաև անկանխատեսելի դեպքերի, արտակարգ իրավիճակների ժամանակ (պատահական ծակոցներ, թափոնների արտահոսք և այլն) հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03–Ն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» հրամանի պահանջների:
  • Ձեռքերի հիգիենան իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 2700-Ա հրամանով հաստատված «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ուղեցույցի պահանջների համաձայն:

ԿԱԹԵՏԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

  1. Բուժանձնակազմի նախապատրաստում ՝
  • Բուժանձնակազմի ձեռքերի մշակում՝ ալկոհոլի հիմքի վրա հակասեպտիկ նյութով,
  • Ոչ մանրէազերծ ձեռնոցների կիրառում,
  • Տեղադրման համար նախատեսված կաթետեր (տեսակ և չափ),
  • Խնամքի համար նախատեսված պարագաների հավաքում:
  1. Պացիենտի նախապատրաստում՝
  • Պացիենտի հոգեբանական նախապատրաստում (գիտակցության առկայության դեպքում),
  • Միջամտության նկարագրում (գիտակցության առկայության դեպքում),
  • Դիրքի ընտրություն,
  1. Անհրաժեշտ սարքավորումներ և պարագաներ՝
  • Անհատական պաշտպանության միջոցներ (ԱՊՄ)՝ միանվագ օգտագործման ձեռնոց (կենտրոնական երակային կաթետերի դեպքում մանրէազերծ), արտահագուստ,
  • Մաշկի հականեխիչ (օրինակ՝ քլորհեքսիդինգլյուկոնատի 2%-ոց սպիրտային լուծույթ),
  • Մանրէազերծ թանզիֆե անձեռոցիկներ,
  • Կպչուն սպեղանի,
  • Տեղադրման համար անհրաժեշտ կաթետեր,
  • Մանրէազերծ գլանաձև փորձանոթ,
  • Մանրէազերծ մկրատ,
  • Սպեղանի,
  • Ալկոհոլի հիմքի վրա ախտահանիչ միջոց՝ անձնակազմի ձեռքերի ախտահանման համար,
  • Վտանգավոր բժշկական թափոնների խոտանի համար նախատեսված տարաներ:
  1. Աշխատանքային ընթացակարգ՝
  • Իրականացնել կաթետերավորման տեղի ընտրություն,
  • Կաթետերների տեսակի և չափի ընտրություն,
  • Պացիենտի մոտ, հարմար տեղում տեղադրել նախորոք պատրաստած կաթետերավորման համար անհրաժեշտ հավաքածուն, ստուգելով գործիքների ու պարագաների ամբողջականությունն և պիտանելիության ժամկետները,
  • Պացիենտին բացատրել կատարվող միջամտության նշանակությունը,
  • Կաթետերի տեղադրման հատվածում մաշկը 20-30 վրկ. մշակել որևէ մաշկային հականեխիչով` կենտրոնից դեպի ծայրամաս  ուղղությամբ շրջանաձև շարժումներով, եռանվագ,  թողնել, որ օգտագործված  հականեխիչ  նյութը ինքնուրույն  չորանա,
  • Տեղադրել կաթետերը, ամրացնել կպչուն սպեղանիով՝ նշելով ամսաթիվը և ժամը,
  • Վիրակապերը փոխվում են ամեն օր և ըստ անհրաժեշտության,
  • Թրոմբոֆլեբիտների կանխարգելման նպատակով կաթետրի տեղադրված տեղից վերև կիրառել թրոմբոլիտիկ քսուկներ (հեպարին, տրոքսեվազին և այլն),
  • Կաթետրը անհապաղ հեռացվում է՝ եթե տեղադրված հատվածում առկա է կարմրություն, ցավ, այտուց, ցավ, այտուց, կապտուկ, դեղի ներթափանցում ենթամաշկ,
  • Կաթետերի հեռացումը իրականացնում է խնամք իրականացնող բուժանձնակազմը՝ նախապատրաստելով պացիենտին,
  • Հանել կպչուն սպեղանին,
  • Դանդաղ և զգույշ հանել կաթետերը երակից,
  • Մանրէազերծ բամբակյա խծուծով զգույշ սեղմել կաթետերի տեղադրված հատվածը՝ 2-3 րոպե տևողությամբ,
  • Մշակել կաթետերի տեղադրված հատվածը մաշկային հականեխիչով (օրինակ՝ քլորհեքսիդինգլյուկոնատի 2 % -ոց սպիրտային լուծույթ),
  • Տեղադրել մանրէազերծ ճնշող վիրակապ,
  • Ստուգել կաթետերի կանյուլայի ամբողջականությունը,
  • Թրոմբի առկայության, ինչպես նաև ներանոթային սարքերով պայմանավորված վարակների ախտորոշման համար՝ հեռացված կաթետերը ուղղարկվում է մանրէաբանական հետազոտության,
  • Հեռացված կաթետերի ծայրից ստերիլ մկրատով կտրվում է մոտ մեկից-մեկուկես սմ և տեղադրվում է նախապես մանրէազերծ փորձանոթի մեջ,
  • Նմուշը անմիջապես տեղափոխվում է մանրէաբանական լաբորատորիա՝ հետագա լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար,
  • Նոր կաթետերը տեղադրվում է այլ հատվածում: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է վիրաբույժի կամ անոթային վիրաբույժի խորհրդատվություն՝ ներանոթային սարքերով պայմանավորված վարակի կամ բարդության բուժման ընտրության որոշման համար,
  • Նշանակման թերթիկում պարտադիր կերպով նշվում է նախորդ կաթետերի հեռացնելու օրը, ինչպես նաև նշվում է նոր կաթետերի տեղադրման և հանելու օրը, ժամը,
  • Օգտագործված բժշկական պարագաները խոտանվում են սահմանված կարգով, որպես բժշկական վտանգավոր թափոն,
  • Կաթետերավորման հետ կապված արյան հունի վարակների ախտորոշման համար, որպես այլընտրանքային մեթոդ իրականացնում են արյան քանակական մանրէաբանական հետազոտություն՝ եթե կաթետերի հեռացումը ցանկալի չէ դեպի անոթները մուտքի սահմանափակման պատճառով.

ա) վերցնում են արյան երկու նմուշ՝ կաթետերի օգնությամբ և անմիջապես երակից,

բ) եթե կաթետերի միջոցով վերցված արյան մեջ մանրէների քանակը 5-10 անգամ ավելի է, քան երակից վերցված արյան մեջ, ախտորոշում են կաթետերավորման հետ կապված արյան հունի վարակ:

Հավելված 2

Առողջապահության նախարարի

201_ թվականի __________-ի թիվ_____-Ա հրամանի

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱԹԵՏԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՑՄԱՆ ԱԼԳՈՐԻԹՄ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

1.    Կաթետերավորման  տեղի ընտրություն: ՀԻՇԵՔ՝ Կաթետերի փոխման դեպքում նոր կաթետերը տեղադրվում է այլ հատվածում

2.    Կաթետերների տեսակի և չափի ընտրություն

3.   Պացիենտի մոտ, հարմար տեղում տեղադրել նախորոք պատրաստած կաթետերավորման համար անհրաժեշտ հավաքածուն, ստուգելով գործիքների ու պարագաների ամբողջականությունը և պիտանելիության ժամկետները

4.    Պացիենտին բացատրել կատարվող միջամտության նշանակությունը

ՏԵՂԱԴՐՈՒՄ

x3

1.    Կաթետերի տեղադրման  հատվածում մաշկը 20-30 վրկ. մշակել որևէ մաշկային հականեխիչով ` կենտրոնից  ծայրամաս  ուղղությամբ շրջանաձև շարժումներով

2.    Մաշկի մշակումն իրականացնել եռանվագ, թողնել, որ օգտագործված  հականեխիչ  նյութը ինքնուրույն  չորանա

3.   Տեղադրել կաթետերը, ամրացնել  կպչուն սպեղանիով՝ նշելով ամսաթիվը

4.    Նշանակման թերթիկում  պարտադիր կերպով նշվում է նոր կաթետերի տեղադրման և հանելու օրը, ժամը

ԽՆԱՄՔ

1.    Վիրակապերը փոխվում են ամեն օր և աղտոտվածության դեպքում

2.    Թրոմբոֆլեբիտների կանխարգելման նպատակով կաթետրի տեղադրված տեղից վերև կիրառել թրոմբոլիտիկ քսուկներ (հեպարին, տրոքսեվազին և այլն)

3.   Կաթետրը անհապաղ հեռացվում է՝ եթե տեղադրված հատվածում առկա է կարմրություն, ցավ, այտուց, կապտուկ, դեղի ներթափանցում ենթամաշկ

ՀԵՌԱՑՈՒՄ

  1. Հանել կպչուն սպեղանին

2.    Դանդաղ և զգույշ հանել կաթետերը երակից

3.   Մանրէազերծ բամբակյա խծուծով զգույշ սեղմել կաթետերի տեղադրված հատվածը՝ 2-3 րոպե տևողությամբ

4.    Մշակել կաթետերի տեղադրված հատվածը հականեխիչով (քլորհեքսիդին-գլյուկոնատի 2 % -ոց սպիրտային լուծույթ)

5.   Տեղադրել  մանրէազերծ ճնշող վիրակապ

6.   Ստուգել կաթետրի կոնյուլայի ամբողջականությունը

7.    Նշանակման թերթիկում  պարտադիր կերպով նշվում է նախորդ կաթետերի հեռացնելու օրը, ինչպես նաև նշվում է նոր կաթետերի տեղադրման և հանելու օրը, ժամը

8.   Նմուշառումից  հետո օգտագործված բժշկական պարագաները խոտանվում են սահմանված կարգով՝ որպես բժշկական վտանգավոր թափոն

ՆՀՎ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

!

Թրոմբի առկայության, ինչպես նաև ներանոթային սարքերով պայմանավորված վարակների ախտորոշման համար՝ հեռացված կաթետերը ուղղարկվում է մանրէաբանական հետազոտության

1.    Հեռացված կաթետերի ծայրից կտրվում է ստերիլ մկրատով մոտ մեկից-մեկուկես սմ և տեղադրվում է նախապես մանրէազերծ փորձանոթի մեջ

2.    Նմուշը անմիջապես տեղափոխվում է մանրէաբանական լաբորատորիա՝ հետագա լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար

3.   Օգտագործված բժշկական պարագաները խոտանվում են սահմանված կարգով՝ որպես բժշկական վտանգավոր թափոն

ՆՀՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴ

!

!

Կիրառվում է, եթե կաթետերի հեռացումը ցանկալի չէ՝ դեպի անոթները մուտքի սահմանափակման պատճառով:

1.    Վերցնում են արյան երկու նմուշ՝ կաթետերի օգնությամբ և անմիջապես երակից:

* Եթե կաթետերի միջոցով վերցված արյան մեջ մանրէների քանակը 5-10 անգամ ավելի է, քան երակից վերցված արյան մեջ, ախտորոշում են կաթետերավորման հետ կապված արյան հունի վարակ

 

  1. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 11-ի «Ձեռնոցները որպես բժշկական միջամտությունների անվտանգության ապահովման միջոց» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2718-Ա հրաման:
    2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբեր 6-ի «Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման» մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2837-Ա հրաման:
    3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկը հաստատելու մասին թիվ 2700-Ա   հրաման:
    4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N03-Ն հրամանով հաստատված «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 ՍանԿևՆ:
    5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 10-ի «Մանրէաբանական լաբորատոր հետազոտության նպատակով երակից արյան վերցման գործողությունների ստանդարտ ընթացակարգ հաստատելու մասին» թիվ 3173-Ա հրաման:
    6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակերի ստանդարտ բնորոշումերը հաստատելու մասին թիվ 1579-Ա հրաման:
    7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի հունիսի 21-ի Ներանոթային սարքերով պայմանավորված վարակների կանխարգելում մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին թիվ 2007-Ա հրաման:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group