Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների համաճարակաբանական հսկողության համակարգը ՀՀ-ում

Գնալ կայք

Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները այսուհետ՝ ԲՄՊՎ) բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի (այսուհետ՝ պացիենտ)  բժշկական օգնության և սպասարկման  (բուժում, բժշկական միջամտություններ և այլն) ընթացքում կամ դրանից  հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է,  որը բացակայել է նրա մոտ բժշկական կազմակերպություն ընդունման կամ ոչ բժշկական կազմակերպությունում ծառայություն (կոսմետոլոգիական ծառայություն, մատնահարդարում, ոտնահարդարում, դաջվածք և այլն) ստանալու պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև՝ անձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական գործունեության ընթացքում: 

Չնայած բժշկագիտության զարգացմանը և նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը` այնուամենայնիվ ԲՄՊՎ-ների 2/3-ը շարունակում է մնալ անհաղթահարելի:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) տվյալների՝ բժշկական կազմակերպությունում բուժում ստացող հիվանդների առնվազն 5-12%-ի մոտ զարգանում են բուժման հետ կապված  վարակային բարդություններ:

ԲՄՊՎ-երը կարող են դրսևորվել ոչ միայն բժշկական կազմակերպությունում, այլև բժշկական կազմակերպությունից  հիվանդի դուրս գրվելուց հետո ու արձանագրվել բոլոր մասնագիտական ուղղվածության բժշկական կազմակերպությունում և արտահայտվել,  որպես հետվիրահատական, հետծննդաբերական, շնչառական, միզուղիների, արյան հունի, մաշկային և նորածնային վարակային բարդություններ:

Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակները ևս դասվում են ԲՄՊՎ-ների շարքին, որոնք միաժամանակ համարվում են նաև մասնագիտական հիվանդություններ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 458-Ն որոշման:

Բուժման ընթացքում ձեռք բերված վարակային բարդությունները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի`

1)     Բժշկական կազմակերպությունում  հիվանդների ձեռք բերած վարակներ,

2) Բժշկական կազմակերպությունում  հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակներ:

Վարակները լինում են՝

  • Էկզոգեն վարակ` վարակ, որը զարգացել է արտաքինից մանրէներով վարակման արդյունքում,
  • Էնդոգեն վարակ` վարակ, որը զարգացել է օրգանիզմի սեփական մանրէային կազմի ակտիվացմամբ:

ԲՄՊՎ-ով հիվանդացության  բարձրացումը պայմանավորված է` 

  • Բնակչության շրջանում ժողովրդագրական փոփոխություններով, որը հիմնականում պայմանավորված է մեծահասակների, ինչպես նաև բարձր ռիսկի խմբին պատկանող անձանց (քրոնիկ հիվանդություններով հիվանդներ, անհաս նորածիններ և այլն) տեսակարար կշռի մեծացումով,
  • Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ ներհիվանդանոցային վարակների հարուցիչների բազմադեղորայքակայուն շտամերի ձևավորմամբ և տարածմամբ, որոնք տարբերվում են ավելի բարձր վիրուլենտությամբ և շրջակա միջավայրում բարձր կայունությամբ, այդ թվում` նաև ախտահանիչ նյութերի նկատմամբ,
  • Բժշկական միջամտությունների ակտիվացման, ախտորոշման և բուժման նպատակով ավելի լայն շրջանակի գործիքային հետազոտությունների կիրառումով, հաճախակի բուժիչ միջոցների օգտագործումով (իմուն համակարգը ընկճող), ինչպես նաև բժշկական կազմակերպություններում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի խախտումներով:

ԲՄՊՎ-եր առաջացնում են ախտածին և պայմանական ախտածին  միկրոօրգանիզմները: ԲՄՊՎ-երի զգալի մասը  առաջանում է պայմանական ախտածին միկրոօրգանիզմներով: Դրանց են պատկանում` ստաֆիլոկոկը, ստրեպտակոկը, կապտաթարախածին ցուպիկը, պրոտեուսը, կլեբսիելան, աղիքային ցուպիկը, սալմոնելան, էնտերոբակտերը, էնտերակոկը, սերրացիան, բակտերոիդը, կլոստրիդիան, կանդիդան և այլ միկրոօրգանիզմներ:

ԲՄՊՎ-ի պատճառագիտության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում գրիպի վիրուսները, ադենովիրուսները, ռոտավիրուսները, էնտերովիրուսները, վիրուսային հեպատիտների հարուցիչները և այլն: ԲՄՊՎ-եր կարող են առաջանալ նաև հազվադեպ կամ նախկինում անհայտ հարուցիչներով, ինչպիսիք են լեգիոնելները, պնևմոցիստները, ասպերգիլները և այլն:

Առավել մեծ համաճարակային նշանակություն ունեցող ԲՄՊՎ-ի աղբյուրներն են՝

  • Վարակիչ հիվանդություններով հիվանդները` սուր, քրոնիկ կամ թաքնված ձևերով, ինչպես նաև տարբեր տեսակի ախտածին և պայմանական ախտածին միկրոօրգանիզմներով վարակիրները,
  • Բուժանձնակազմը (բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ),
  • Վարակակիրները` ներառյալ վարակի թաքնված կամ ջնջված ձևերով վարակակիրները,
  • Երկարատև բուժվող հիվանդները, ովքեր շատ հաճախ հանդիսանում են ԲՄՊՎ-ի շտամերի կրողներ:

ԲՄՊՎ-ի  փոխանցման ուղիներն են`

  • Օդա-կաթիլային կամ օդա-փոշային,
  • Կենցաղ-կոնտակտային (հիվանդի խնամքի առարկաների, բժշկական գործիքների, սարքավորումների, ինչպես նաև բուժանձնակազմի ձեռքերի միջոցով),
  • Արտաընդերային (արյան, իզոտոնիկ լուծույթների և այլ դեղորայքային միջոցների ներարկման միջոցով),
  • Ալիմենտար (կաթ, խմելու լուծույթներ, սննդամթերք):

Բժշկական կազմակերպությունում  ԲՄՊՎ-ի  առաջացմանը և զարգացմանը նպաստում են`

  • ԲՄՊՎ-ի աղբյուրների և թարախա-բորբոքային վարակներով հիվանդի հետ կոնտակտի համաճարակաբանական ռիսկի թերագնահատումը, նրանց ոչ ժամանակին մեկուսացումը,
  • Բուժանձնակազմի և հիվանդների շրջանում չհայտնաբերված ԲՄՊՎ-ի շտամերով վարակակիրների և հիվանդների առկայությունը,
  • Բուժանձնակազմի կողմից ասեպտիկայի և անտիսպետիկայի կանոնների, անհատական հիգիենայի, հակահամաճարակային, ինչպես նաև ընթացիկ և եզրափակիչ ախտահաման ռեժիմի խախտումները,
  • Բժշկական նշանակության գործիքների, սարքավորումների և այլնի ախտահանման և մանրէազերծման ռեժիմի խախտումները,
  • Կենսանվտանգության և կենսաապահովության պահանջների ոչ պատշաճ պահպանումը:

ԲՄՊՎ-ի համաճարակաբանական հսկողությունը` ԲՄՊՎ-ի համաճարակային գործընթացի, ինչպես նաև այդ վարակների տարածման գործոնների  մշտադիտարկման համալիր համակարգ է, որի նպատակն է  մշտադիտարկման արդյունքում ստացված տվյալների վերլուծության միջոցով  գնահատել համաճարակաբանական գործընթացի զարգացման միտումները` արդյունավետ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների մշակման և իրականացման համար:

Հայաստանի Հանրապետությունում ԲՄՊՎ-ի համար գործում է պասիվ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության համակարգը, որը նախատեսում է`

  • Ելնելով կլինիկական, լաբորատոր, համաճարակաբանական և ախտաբանաանատոմիական տվյալներից` բժշկական կազմակերպություն դիմած հիվանդի մոտ ԲՄՊՎ-ի հայտնաբերում, հաշվառում  և գրանցում,
  • Հիվանդների ԲՄՊՎ-երով հիվանդացության օպերատիվ (ընթացիկ) և հետահայաց վերլուծություն,
  • Ախտածին և պայմանական-ախտածին միկրոօրգանիզմների շրջանառության ուսումնասիրություն` ԲՄՊՎ-ների հարուցիչների նկատմամբ մանրէաբանական մշտադիտարկում (բուժօգնության դիմած անձանցից, բուժանձնակազմից, շրջակա միջավայրից անջատված ԲՄՊՎ-ների հարուցիչների տեսակային նույնականացման տվյալներ և այլն),
  • Հակամանրէային դեղամիջոցների, հականեխիչների, ախտահանիչների նկատմամբ միկրոօրգանիզմների կայունության և տարածվածության որոշում,
  • Բուժանձնակազմի շրջանում ԲՄՊՎ-ի, այդ թվում` խմբակային և անհայտ ծագման հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն,
  • ԲՄՊՎ-երի կանխարգելման ուղղությամբ հակահամաճարակային միջոցառումների իրականացում:

ԲՄՊՎ-երը դասակարգվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» (Հիվանդությունների միջազգային դասակարգում` ՀՄԴ-10) թիվ 67-Ն հրամանի:

ԲՄՊՎ -երի վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվում է`

  • Համաճարակաբանական հսկողության համակարգի աշխատանքն ապահովելու, հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու,
  • Բնակչության առողջության վերաբերյալ տեղեկատվության համակարգում ԲՄՊՎ-ի մասին տվյալների առկայությունն ապահովելու,
  • Գործնականում ԲՄՊՎ-ի հսկողության և կանխարգելման նպատակային ծրագրերի մշակման ու  գործադրման,
  • Բժշկական կազմակերպություններին մեթոդա-գործնական օգնություն ցուցաբերելու համար:

ԲՄՊՎ-ի հայտնաբերում, հաշվառում եվ գրանցում

 

Բժշկական կազմակերպությունում ԲՄՊՎ-երի համաճարակաբանական հսկողության գործընթացի համակարգումն իրականացնում է  վարակի հսկողության հանձնաժողովը/թիմը, որը ստեղծվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջի:

ԲՄՊՎ-երի ակտիվ հայտնաբերումն իրականացվում է բժշկական կազմակերպության բուժանձնակազմի կողմից օպերատիվ (ընթացիկ) և հետահայաց վերլուծությունների իրականացման ընթացքում:

Բոլոր բժշկական կազմակերպություններում անհատապես հաշվառման  ենթակա ԲՄՊՎ-երը ներկայացված են սույն մեթոդական ուղեցույցի ցանկում` անկախ վարակման վայրից և հիվանդի քաղաքացիությունից (կոդավորումը` ըստ Հիվանդությունների Միջազգային դասակարգման (10-րդ վերանայման)):

Բժշկական կազմակերպությունում ԲՄՊՎ-երի դեպքերն անհատապես հաշվառվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային  կանոններ  և հիգիենիկ նորմեր հաստատելու մասին» N 13-Ն հրամանի հավելված 12-ով հաստատված «Վարակիչ, այդ թվում` մակաբուծային հիվանդությունների հաշվառման  մատյանում»):

Բոլոր բուժաշխատողների կողմից պահպանվում է ԲՄՊՎ-երի  դեպքերին առնչվող տեղեկատվության գաղտնիությունը:

Բուժանձնակազմի, բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց շրջանում անհայտ ծագման հիվանդությունները դիտարկվում են, որպես «անսովոր և անսպասելի» դեպքեր: Անսովոր և անսպասելի դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի  օգոստոսի 21-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138 –Ն որոշմամբ:

ԲՄՊՎ-ի՝ ներառյալ արյան հունի, միզուղիների կաթետեր-ասոցացված վարակների, վիրաբուժական վերքի վարակի, վենտիլյացիոն թոքաբորբի մաշկի և ենթամաշկի՝ այդ թվում պառկելախոցերի ախտորոշումը իրականացվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հունիսի 25-ի թիվ 1579-Ա հրամանի պահանջների:

Բժշկական կազմակերպության բուժանձակազմը պացիենտների շրջանում  կաթետերի տեղադրման հատվածում բարդությունների ի հայտ գալու դեպքում կարմրություն, ցավ, այտուց, թրոմբ և այլն), պառկելախոցի, բժշկական միջամտություններով պայմանավորված  վարակի հայտնաբերման ժամանակ՝ այդ  մասին հաղորդում է վարակի հսկողության պատասխանատուին/համաճարակաբանին և լրացնում համապատասխանաբար Ներանոթային սարքերով պայմանավորված վարակների և բարդությունների գրանցման ձևաթուղթ-ը, Պառկելախոցերի գրանցման  ձևաթուղթ-ը, Բժշկական միջամտություններով պայմանավորված  վարակների գրանցման ձևաթուղթ-ը:

Վիրաբուժական գործունեության տեսակ իրականացնող բժշկական կազմակերպությունում հաշվառման ենթակա են նաև հետևյալ վարակի տեսակները`

  • Հետվիրահատական թարախային բորբոքում` կտրվածքի մակերեսային վարակը առաջանում է վիրահատությունից հետո ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում և ընդգրկում է միայն մաշկը և կտրվածքի շրջանի ենթամաշկային հյուսվածքները և բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի մոտ առկա է ստորև թվարկածներից որևէ մեկը.

ա. մակերեսային  կտրվածքի թարախային արտադրություն,

բ. մակերեսային կտրվածքի շրջանից  կատարված ասեպտիկ պունկցիայի արդյունքում հյուսվածքում կամ հեղուկում, կամ թարախաբորբոքային նշանների առկայության դեպքում վերքի խորքից վերցրած քսուկում  մանրէների անջատում,

գ. ցավ, սահմանափակված այտուց, կարմրություն, ջերմության տեղային բարձրացում:

  • Թարախակույտ, ֆլեգմոնա` վիրաբուժական միջամտության շրջանում խորը վարակ` վիրահատությունից հետո ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում իմպլանտի բացակայության դեպքում, կամ ոչ ուշ քան մեկ տարի վիրահատության բացակայության և իմպլանտի առկայության դեպքում և ընդգրկում է կտրվածքի շուրջը տեղակայված խորը փափուկ հյուսվածքները (օրինակ փակեղային և մկանային շերտը), բուժօգնության և սպասարկման դիմած անձի մոտ առկա է թվարկածից թեկուզ մեկը.

ա.  տվյալ վիրաբուժական միջամտության հատվածում  կատարված կտրվածքի խորքից թարախային արտադրություն, բայց ոչ օրգանից/խոռոչից,

բ. մակերեսային կտրվածքի շրջանից  կատարված ասեպտիկ պունկցիայի արդյունքում հյուսվածքում   կամ հեղուկում, կամ թարախաբորբոքային նշանների առկայության դեպքում վերքի խորքից վերցրած քսուկում  մանրէների անջատումը,

գ. վերքի ծայրերի հեռացում կամ վիրաբույժի կողմից վերքի կանխամտածված բացում, երբ բուժօգնության և սպասարկման դիմած անձի մոտ առկա են  հետևյալ ախտանշանները` տենդ (> 37,5 °С), տեղակայված ցավ,

դ.անմիջական զննության, կրկնակի վիրահատության, հյուսվածքաբանական կամ ռենտգենաբանական հետազոտության ժամանակ թարախակույտի, կամ խոր կտրվածքի շրջանում վարակի այլ  նշանների հայնտնաբերում:

  • Վիրահատությունից հետո համապատասխան օրգանում առաջացած պերիտոնիտ, օստեոմիելիտ, պնևմոնիա, պիելոնեֆրիտ, մեդիաստենիտ, էնդոմետրիտ` խոռոչի/օրգանի վարակը առաջանում է  վիրահատությունից հետո ոչ ուշ քան 30 օրվա ընթացքում, իմպլանտի բացակայության, կամ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում` վիրահատության փոխարեն իմպլանտի առկայության դեպքում և ընդգրկում է  օրգանիզմի ցանկացած հատվածը (օրինակ օրգանը կամ խոռոչը), բացառությամբ կտրվածքի շրջանը, որը բացվել կամ ենթարկվել է միջամտության վիրահատության ընթացքում: Բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի մոտ առկա է ստորև  թվարկված ախտանշաններից մեկը.

ա. հատուկ կտրվածքի միջոցով օրգանում /խոռոչում տեղադրված խուղակի թարախային արտադրություն,

բ. օրգանից/խոռոչից ասեպտիկ ճանապարհով վերցրած հեղուկից կամ հյուսվածքից մանրէների անջատում,

գ.  տենդային վիճակ,

դ. անմիջական զննման, կրկնակի վիրահատության, հյուսվածքաբանական կամ ռենտգենաբանական հետազոտության  ժամանակ, օրգանում/խոռոչում թարախակույտի, կամ վարակի այլ ախտանշանների առկայություն:

ԲՄՊՎ-ի  դեպքն արձանագրած բուժաշխատողը այդ  մասին տեղակացնում է բժշկական կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուին/համաճարակաբանին և/կամ վարակի հսկողության հանձնաժողովին` ժամանակին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ձեռնարկման նպատակով:

Բուժաշխատողի կողմից ԲՄՊՎ-ի դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է`

  • ծննդյան տարեթիվ,
  • բաժանմունքի անվանում,
  • հիվանդի ընդունման ամսաթիվ,
  • կատարված վիրահատություն/ներ,
  • վիրահատության/ների տարեթիվ/թվեր,
  • վիրահատության/ների սկիզբը և վերջը,
  • վիրահատող վիրաբույժի անուն ազգանուն,
  • վիրահատարանի համար,
  • հիվանդասենյակի համարը,
  • հիվնադացման ամսաթիվը,
  • ԲՄՊՎ-ի գրանցման (հայտնաբերման) ամսաթիվ,
  • վիրահատության մաքրության աստիճանը (վերքի աստիճանը),
  • հիվանդի վիճակի ծանրությունը,
  • մանրէաբանական հետազոտության տվյալները,
  • հիվանդությունների միջազգային դասակարգչին համապատասխան դրված ախտորոշումը,
  • այլ տեղակայման վարակների առկայություն:

ԲՄՊՎ-ի համաճարակաբանական վերլուծությանը ներկայացվող պահանջներ

ԲՄՊՎ-ի, այդ թվում` բուժանձնակազմի շրջանում խմբակային և անհայտ ծագման հիվանդությունների վերլուծություններն իրականացվում են տարածաշրջանային, մարզային և ազգային մակարդակներում:Տարածաշրջանային և մարզային մակարդակներում ԲՄՊՎ-ի վերլուծություններն իրականացվում են` օպերատիվ  և հետահայաց:

Բժշկական կազմակերպությունում օպերատիվ վերլուծությունն իրականացվում է ԲՄՊՎ-ի առաջնային ախտորոշման տվյալների հիման վրա` վարակի հսկողության պատասխանատուի/համաճարակաբանի, կամ վերջինիս բացակայության դեպքում վարակի հսկողության հանձնաժողովի կողմից:

ԲՄՊՎ-ի հետահայաց վերլուծությունն իրականացվում է բժշկական կազմակերպության վարակի հսկողության պատասխանատուի/համաճարակաբանի կողմից և նախատեսում է   համաճարակային գործընթացի մի շարք չափանիշների ուսումնասիրություն` մասնավորապես.

  • Ամսական և տարեկան ԲՄՊՎ-ով հիվանդացության ուսումնասիրություն` ըստ առանձին կլինիկական ձևերի, տարիքային կազմի, սեռի: Ընդ որում հաշվի է առնվում ոչ միայն բժշկական կազմակերպությունում գտնվելու ընթացքում առաջացած հիվանդությունը, այլև դուրս գրումից հետո (մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում 1 ամսյա ժամկետում ծննդաբերությունից հետո, մնացած դեպքերի համար` գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի կտրվածքով),
  • Ամսվա և տարվա կտրվածքով խմբակային հիվանդացության ուսումնասիրություն (ԲՄՊՎ-ի խբակային համարել 3 և ավելի հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանորեն կապված) միևնույն փոխանցման գործոնով և կամ վարակի աղբյուրով պայմանավորված), բժշկական կազմակերպությունում միևնույն ժամանակ գտնվելու ընթացքում առաջացած հիվանդությունը,
  • Հիվանդության առաջացման ժամկետների ուսումնասիրություն` ծննդկանների համար հաշվարկվում է ծննդաբերության ժամկետից, նորածինների համար` ծննդյան օրվանից, վիրաբուժական հիվանդների համար` վիրահատության ժամկետից սկսած,
  • ԲՄՊՎ-ի տեղայնացված և ընդհանրացված ձևերի ուսումնասիրություն` ըստ հիվանդության կլինիկական տեսակի,
  • Սեպսիսով հիվանդության ուսումնասիրություն,
  • ԲՄՊՎ-երի պատճառագիտական կառուցվածքի ուսումնաիրություն, որն իրականացվում է յուրաքանչյուր կլինիկական ձևի համար: Ընդ որում հաշվի է առնվում ախտաբանական/կենսաբանական նյութից հարուցիչների անջատման հաճախականությունը, հարուցիչների տեսակային կազմը,
  • ԲՄՊՎ առաջացրած բժշկական միջամտությունների հետազոտության տվյալների ուսումնասիրություն,
  • Ոսկեգույն ստաֆիլոկոկակրության մակարդակի, երկարատև ստաֆիլոկոկակիրների տեսակարար կշիռ, անջատված հարուցչի բնութագրի ուսումնասիրություն,
  • Արտաքին միջավայրից վերցված մանրէաբանական հետազոտությունների արդյունքների ուսումնասիրություն:

ԲՄՊՎ-ի հետահայաց վերլուծության ընթացքում վարակի հսկողության պատասխանատուի/համաճարակաբանի կողմից հաշվարկվում են ամսական և տարեկան կտրվածքով հետևյալ ցուցանիշները`

  • Պացիենտների շրջանում ԲՄՊՎ-ով հիվանդացության ցուցանիշ` ըստ առանձին հիվանդությունների, տարիքային կազմի, սեռի,
  • Պացիենտների ԲՄՊՎ-ով հիվանդացության ցուցանիշ` ըստ բաժանմունքների,
  • Պացիենտների շրջանում ԲՄՊՎ-ի խմբակային հիվանդացության ցուցանիշ,
  • Բուժանձնակազմի շրջանում խմբակային հիվանդացության ցուցանիշ,
  • Սեպսիսով հիվանդացության ցուցանիշ,
  • ԲՄՊՎ-ով հիվանդացության թեթև և ծանր կլինիկական ձևերի հարաբերակցություն,
  • Շրջակա միջավայրից անջատված հարուցիչների տեսակար կշիռ,
  • Բուժանձնակազմի շրջանում երկարատև ստաֆիլոկոկակրության տեսակար կշիռ,
  • Պացիենտներից անջատված հարուցիչների տեսակարար կշիռ,
  • Վիրահատությունների հետևանքով առաջացած ԲՄՊՎ-ի տեսակարար կշիռ,
  • Արյան հունի և միզուղիների կաթետեր-ասոցացված ԲՄՊՎ-ի տեսակարար կշիռ
  • ԹԱՇ ասոցացված թոքաբորբի տեսակարար կշիռ
  • ԲՄՊՎ-ի մահացության ցուցանիշ,
  • ԲՄՊՎ-ի մահաբերության ցուցանիշ:

Բժշկական կազմակերպությունում ախտածին և պայմանական ախտածին մանրէների շրջանառության ուսումնասիրություն

Բժշկական կազմակերպությունում համաճարակային իրավիճակի գնահատման և ԲՄՊՎ-ի  կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ կազմակերպման և իրականացման նպատակով իրականացվում է շրջանառող ախտածին և պայմանական  ախտածին մանրէների հսկողություն: Ախտածին և պայմանական ախտածին մանրէների շրջանառության տվյալները հավաքագրվում են այդ կազմակերպություններում իրականացված մանրէաբանական հետազոտությունների տվյալների վերլուծության հիման վրա, որոնք իրականացվել են`

  • ԲՄՊՎ պատճառագիտության կառուցվածքի որոշման և նրա զարգացման միտումներին հետևելու,
  • Օդում և շրջակա միջավայրի առարկաներում պայմանական ախտածին հարուցիչների որոշման,
  • Բուժանձնակազմի և պացիենտների շրջանում ԲՄՊՎ-ի հարուցիչներով պայմանավորված վարակակրության տարածվածության որոշման նպատակով:

Բժշկական կազմակերպությունում ԲՄՊՎ-ի  հարուցիչների փոխանցման ուղիների և գործոնների բացահայտման նպատակով իրականացվում են, շրջակա միջավայրի առարկաների սանիտարամանրէաբանական հետազոտություններ, մասնավորապես`

  • Բժշկական կազմակերպության սենքերում (վիրահատական, ասեպտիկ, վերակենդանացման սրահների, վիրաբուժական բաժանմունքների, ծննդաբերական սրահների և մանկաբարձական ստացիոնարի այլ բաժանմունքների, մանկական հիվանդասենյակներ), ամիսը մեկ անգամ իրականացվում են օդի ընդհանուր մարէաբանական աղտոտման և ոսկեգույն ստաֆիլոկոկերի հայտնաբերման նպատակով լաբորատոր հետազոտություններ, իսկ ասեպտիկ բաժանմունքներում օդի նմուշների լաբորատոր հետազոտություններ են իրականացվում նաև գրամբացասական մանրէների վերաբերյալ: Ըստ համաճարակաբանական ցուցումների օդի լաբորատոր (մանրէաբանական) հետազոտությունները  կարող են  ընդլայնվել:
  • Շրջակա միջավայրի առարկաների մանրէաբանական աղտոտման հայտնաբերման նպատակով հետազոտվում են համաճարակաբանական նշանակության օբյեկտները (հեղուկ դեղորայքը, , խմելու լուծույթները, հիվանդի խնամքի առարկաները, բուժանձնակազմի ձեռքերը և այլն):
  • Շրջակա միջավայրի օբյեկտների լվացուկներում որոշում են ստաֆիլոկոկեր, կապտաթարախածին և աղիքային ցուպիկներ, կլեբսիելաներ, պրոտեուսներ, էնտերոբակտերիաներ, անհրաժեշտության դեպքում նաև մանրէների այլ տեսակներ:

Բուժօգնության և սպասարկման  դիմած հիվանդի, բուժաշխատողի  մոտ ԲՄՊՎ-ի  արձանագրումը  կամ կասկածը վերջինիս նկատմամբ ցուցում է  մանրէաբանական հետազոտության իրականացման համար:

Նմուշառումը ախտաբանական օջախից իրականացվում է հակամանրէային  բուժումից առաջ, ինչպես նաև վիրահատության ժամանակ:

 

Հակամանրէային դեղամիջոցների, հականեխիչների, ախտահանիչների նկատմամբ միկրոօրգանիզմների կայունության եվ տարածվածության լայնության որոշում

Հակաբիոտիկների, ախտահանիչների, հականեխիչների և քիմիոպրեպարատների երկարատև օգտագործումը նպաստում են կայուն միկրոօրգանիզմների շտամերի ձևավորմանը, ինչը  սահմանափակում է քիմիոպրեպարատների բուժիչ ազդեցությունը, նպաստում է ԲՄՊՎ-ի առաջացմանը և տարածմանը:

Բժշկական կազմակերպությունում դեղակայուն միկրոօրգանիզմների շտամների որոշման նպատակով իրականացվում է  մշտադիտարկում, որը ներառում է`

  • Հիվանդներից անջատված, հիվանդության պատճառագիտական գործոն հանդիսացող միկրոօրգանիզմների կայունության որոշում օգտագործվող հակաբիոտիկների, հականեխիչների նկատմամբ,
  • Երկարատև ոսկեգույն ստաֆիլոկոկակիր բուժանձնակազմից և հիվանդներից անջատված միկրոօրգանիզմների դեղորայքային կայունության որոշում,
  • Շրջակա միջավայրի առարկաներից (ընտրողաբար, համաճարակաբանական ցուցումներով) անջատված միկրոօրգանիզմների դեղորայքային կայունության որոշում,
  • Շրջակա միջավայրից անջատված միկրոօրգանիզմների կայունության որոշում` ախտահանիչ միջոցների նկատմամբ,
  • Բժշկական կազմակերպությունում բուժման նպատակով կիրառվող հակաբիոտիկների, դրանց օգտագործման ծավալի, հիմնավորված նշանակման մշտադիտարկում:

Կայքը ստեղծվել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի կողմից։ Կայքում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի տեսակետները:

Design & Development by G Design Group