- Քննություն 2 հարցեր 2 րոպե
- Քննություն 1 հարցեր 1 րոպե
- Քննություն 4 հարցեր 4 րոպե
- Քննություն 6 հարցեր 6 րոպե
- Քննություն 6 հարցեր 6 րոպե
- Քննություն 3 հարցեր 3 րոպե
- Քննություն 2 հարցեր 2 րոպե
Հեպատիտ B-ի դասակարգումը, կլինիկան, կլինիկական ընթացքի առանձնահատկությունները
Հեպատիտ B–ն ընթանում է սուր կամ քրոնիկ, իսկ դրա դրսևորումները կարող են արտահայտվել ախտանշանների բացակայությունից կամ հիվանդության թեթև ձևերից մինչև ծանր կամ հազվադեպ հանդիպող ֆուլմինանտ հեպատիտը:
Սուր հեպատիտ B-ն սովորաբար ընթանում է, որպես ինքնաբուժվող հիվանդություն և բնորոշվում է հեպատոցիտների սուր բորբոքումով և նեկրոզով: Մահացությունը սուր հեպատիտ B-ի ժամանակ 0,5–1% է: Տևողությունը՝ 6 շաբաթից մինչև 6 ամիս։
Հիմնական ախտանիշներն են՝
- տենդ
- ախորժակի բացակայություն
- սրտխառնոց, փսխում
- ցավ կամ ծանրության զգացում որովայնում (աջ թուլակողի շրջան)
- մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնություն
- մեզի գույնի մգացում, կղանքի բաց գունավորում/ախոլիկ կղանք/
- հոդամկանային ցավեր
- ցան
Քրոնիկ հեպատիտ B-ն ընդգրկում է հիվանդությունների ամբողջ սպեկտր և բնորոշվում է որպես պերսիստվող HBV-վարակ (արյան կամ շիճուկի մեջ հեպատիտ B-ի վիրուսի մակերեսային հակածնի (HBsAg) որոշվող քանակների առկայություն 6 ամսից ավելի), որը կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել վիրուսի ակտիվ ռեպլիկացիայով, լյարդի բջիջների վնասման և բորբոքման նշաններով: Քրոնիկ HBV վարակը դինամիկ պրոցես է, որն արտացոլում է HBV ռեպլիկացայի և տիրոջ իմունային պատասխանի միջև փոխազդեցությունը, և HBV վարակով ոչ բոլոր պացիենտներն ունեն քրոնիկ B հեպատիտ: Քրոնիկ HBV վարակի բնական ընթացքը սխեմատիկորեն բաժանվել է հինգ փուլերի՝ հաշվի առնելով HBeAg-ի, HBV ԴՆԹ-ի մակարդակները, ալանինամինոտրրանսֆերազի (ԱԼՏ) արժեքները և լյարդի բորբոքման առկայությունը կամ բացակայությունը։ Քրոնիկ HBV վարակի փուլերը պարտադիր չէ, որ լինեն հաջորդական: Նոր դասակարգիչը (նոմենկլատուրան) հիմնված է քրոնիզացման երկու հիմնական բնութագրերի նկարագրության վրա. վարակ կամ հեպատիտ:
Քրոնիկական HBV-վարակի բնական ընթացքը հիմնված HBV և լյարդի հիվանդության ցուցիչների վրա (EASL 2017)
1-ին փուլ ․HBeAg-դրական քրոնիկ HBV վարակ
( նախկինում «իմունային տոլերանտության» փուլ )
Շիճուկում`
- HBeAg-ի առկայություն
- HBV ԴՆԹ-ի շատ բարձր մակարդակ
- ԱԼՏ-ի մշտապես նորմալ մակարդակ
- Լյարդում բացակայում է կամ առկա է նվազագույն նեկրոբորբոքում կամ ֆիբրոզ
Ելքը՝
- Կարցինոգենեզ (հեպատոցիտների HBV ԴՆԹ-ի ինտեգրման և կլոնային էքսպանսիայի բարձր մակարդակով պայմանավորված)
- HBeAg-ի սպոնտան էլիմինացիա (այս փուլում չափազանց ցածր է)
Թե՛ HBe-դրական, թե՛ HBe-բացասական քրոնիկ HBV վարակը որևէ կլինիկական դրսևորում չունի։
(Այս փուլում վիրուսը հայտնաբերվում է պատահական կամ սկրինինգային հետազոտությունների արդյունքում:)
2-րդ փուլ. HBeAg-դրական քրոնիկ B հեպատիտ
( նախկինում «իմունային ռեակտիվ» փուլ )
Այս փուլը կարող է զարգանալ առաջին փուլից մի քանի տարի հետո, ազվելի հաճախ առաջանում է չափահաս տարիքում վարակված անձանց մոտ։
Շիճուկում`
- HBeAg-ի առկայություն
- HBV ԴՆԹ-ի շատ բարձր մակարդակ
- ԱԼՏ-ի բարձր մակարդակ
- Լյարդում առկա է չափավոր կամ ծանր նեկրոբորբոքում և ֆիբրոզի արագացված առաջընթաց
Ելքը՝
- HBeAg-ի սերոկոնվերսիա, HBV ԴՆԹ-ի ճնշում և անցում HBeAg-բացասական վարակի փուլ
- HBV-ն չի վերահսկվում և անցնում է HBeAg-բացասական քրոնիկ հեպատիտ B փուլ մի քանի տարի տևողությամբ
3-րդ փուլ. HBeAg-բացասական քրոնիկ HBV վարակ
( նախկինում «ինակտիվ կրության» փուլ )
Շիճուկում`
- HBeAb (հակա-HBe)-ի առկայություն
- HBV ԴՆԹ-ի չորոշվող կամ ցածր մակարդակ(< 2000 ՄՄ/մլ)
- ԱԼՏ-ի նորմալ մակարդակ
- Լյարդում բացակայում է կամ առկա է նվազագույն լյարդային նեկրոբորբոքման ակտիվություն և ցածր ֆիբրոզ
Ելքը՝
- HBeAg-բացասական քրոնիկ հեպատիտ B-ի առաջացում
- այս պացիենտների մոտ ցիռոզի կամ ՀՑԿ-ի զարգացման ռիսկը ցածր է, եթե նրանք մնան այս փուլում
- HBsAg կորուստ և/կամ սերոկոնվերսիա (կարող են առաջանալ սպոնտան տարեկան 1-3% դեպքերում)
4-րդ փուլ. HBeAg-բացասական քրոնիկ B հեպատիտ
( նախկինում «HBeAg-բացասական քրոնիկ հեպատիտ» փուլ )
Շիճուկում`
- HBeAg-ի բացակայություն, հակա-HBe-ի հայտնաբերում
- HBV ԴՆԹ-ի մշտական կամ տատանվող, չափավոր կամ բարձր մակարդակ
- ԱԼՏ-ի տատանվող կամ կայուն բարձր մակարդակ
- Լյարդի հյուսվածաբանությունը ցույց է տալիս նեկրոբորբոքում և ֆիբրոզ
5-րդ փուլ. HBsAg-բացասական փուլ,
«օկուլտ HBV վարակ»
Շիճուկում`
- HBsAg-ը բացասական,
- HBcAg նկատմամբ (հակա-HBc) դրական հակամարմիններ,
- Հակա-HBs-հակամարմիիններ առկա են կամ բացակայում են,
- ԱԼՏ-ի նորմալ մակարդակ,
- սովորաբար, բայց ոչ միշտ, չորոշվող HBV ԴՆԹ (կարող է հաճախ հայտնաբերվել լյարդում)
- իմունոսուպրեսիան կարող է բերել հեպատիտ B վիրուսի ռեակտիվացիայի ։
Քրոնիկ HBe-դրական և HBe-բացասական հեպատիտով պացիենտները կարող են ունենալ սուր հեպատիտին բնորոշ կլինիկական նշաններ՝
- Ախորժակի անկում
- Հոգնածություն
- Անոռեքսիա
- Սրտխառնոց
- Սուբֆեբրիլ ջերմություն
- Աջ թուլակողում դիսկոմֆորտի կամ թույլ ցավի զգացում և այլն
Հիվանդության պրոգրեսիվման դեպքում՝
- լյարդային էնցեֆալոպաթիա
- քնի խանգարում
- կոմա
- ասցիտ
- ստամոքսաղիքային արյունահոսություն
- կոագուլոպաթիա և այլն
ԱՐՏԱԼՅԱՐԴԱՅԻՆ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐ
Կարող են առաջատար դեր ունենալ հիվանդության կլինիկական ընթացքում և վիրուսային հեպատիտի ուշ ախտորոշման պատճառ հանդիսանալ։
Զարգացման պաթոգենետիկ օղակում կարևոր դեր ունի իմուն–միջնորդավորված ֆենոմենը՝ պայմանավորված շրջանառող իմուն կոմպլեքսների նստեցումով արտալյարդային հյուսվածքի վրա։
Մաշկային՝ | Աուտոիմուն՝ |
• Շենլեյն Հենոխի ծիրանեցան • Մանկական պապուլյար ակրոդերմատիտ • Վիտիլիգո, եղնջացան • Խոցանեկրոտիկ վասկուլիտ | • Հանգուցավոր պոլիարտերիտ • Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ • Ռեյնոյի համախտանիշ, Տակայասուի հիվանդություն • Միոկարդիտ, պերիկարդիտ |
Էնդոկրին՝ | Նյարդամկանային և հոդային՝ |
• Աուտոիմուն թիրեոիդիտ • Շաքարային դիաբետ | • Պոլիմիոզիտ, միալգիաներ • Արթրիտներ, արթրալգիաներ, ՌԱ • Գիեն Բարեի համախտանիշ • Պոլինեյրոպաթիա |
Էկզոկրին՝ | Երիկամային՝ |
• Շեգրենի համախտանիշ | • Գլոմերուլոնեֆրիտ • Ինտերստիցիալ նեֆրիտ |
Արյունաբանական՝ | Թոքային |
• Աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա • Սուր և քրոնիկ լեյկոզներ • Լիմֆոմա, լիմֆոսարկոմա • Խառը կրիոգլոբուլինեմիա | • Ֆիբրոզացնող ալվեոլիտ • Թոքային գրանուլեմատոզ • Թոքային վասկուլիտ, պլևրիտ |
Հեպատիտ C-ի դասակարգումը, կլինիկան, կլինիկական ընթացքի առանձնահատկությունները
Վիրուսային հեպատիտ C–ի գաղտնի շրջանը՝ վարակման պահից մինչև հակամարմինների առաջացումը կամ կլինիկական նշանների ի հայտ գալը, տատանվում է 2 շաբաթից մինչև 6 ամիս, հաճախ՝ 6-8 շաբաթ:
HCV-ն հարուցում է ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ վարակ։ Սուր վարակը բնորոշվում է HCV մարկերների առկայությամբ 6 ամսվա ընթացքում։ HCV հակամարմինները սինթեզվում են սուր վարակի փուլում և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Սուր վարակը սովորաբար ընթանում է անախտանիշ, հազվադեպ է ընթանում կյանքին սպառնացող իրավիճակով։ Վիրուսի սպոնտան էլիմինացիա (ինքնամաքրում) առանց սպեցիֆիկ բուժման տեղի է ունենում վարակվածներից 15-45% մոտ վարակից 6 ամսվա ընթացքում։ Մնացած 55-85%-ը, որոնց մոտ չի դիտվել HCV ինքնամաքրում, սահմանվում է որպես քրոնիկ HCV վարակ ( նկ․1 )։ Առանց բուժման քրոնիկ HCV վարակը կարող է առաջացնել լյարդի ցիռոզ, լյարդային անբավարարություն և հեպատոցելուլյար կարցինոմա (ՀՑԿ)։ Ցիռոզի զարգացման ռիսկը կազմում է 15-30% 20 տարվա ընթացքում, իսկ ցիռոզով հիվանդների մոտ ՀՑԿ-ի զարգացման ռիսկը՝ 2-4% տարեկան։ Վարակի մաքրումը՝ ինքնալավացման կամ բուժման ֆոնի վրա, չի ապահովում կրկնավարակումից։
Քրոնիկ HCV-ն սովորաբար կամ ընթանում է անախտանիշ, կամ կապված է որոշ ոչ սպեցիֆիկ ախտանիշների հետ: Հոգնածությունն ամենատարածված ախտանիշն է համարվում, և առկա է քրոնիկ HCV-ով պացիենտների 50-60%–ի մոտ, սակայն այս ուսումնասիրություններն անցկացվել են այն պացիենտների մոտ, ովքեր տեղյակ են եղել իրենց ախտորոշման մասին: Այլ ոչ սպեցիֆիկ ախտանիշներից են աջ վերին քառակուսում դիսկոմֆորտի զգացումը, սուբֆեբրիլ ջերմությունը, սրտխառնոցը, միալգիան և արթրալգիան: Այնպիսի կլինիկական դրսևորումները, ինչպիսիք են ասցիտը, դեղնությունը, ստամոքս-աղիքային արյունահոսությունը, կարող են ի հայտ գալ լյարդի պրոգրեսիվող հիվանդության փուլում: Որպես օրենք, մինչև լյարդի պրոգրեսիվող հիվանդության ի հայտ գալը ֆիզիկալ զննման ժամանակ որևէ անոմալիա չի հայտնաբերվում: